ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաթումի սեզոնը՝ վտանգվա՞ծ․ ե՞րբ կվերականգնվի երկաթգիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տավուշի և Լոռու մարզերում բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքները վերացված չեն․ մարդկային կյանքերից, սոցիալական հարյուրավոր խնդիրներից զատ վտանգված է նաև տնտեսությունը․ դեպի Վրաստան երկաթգիծը, տասը օր է, չի գործում, ու դեռ հայտնի էլ չէ՝ երբ կգործի։ Այս խնդիրն էլ ավելի ցցուն է երևում տուրիստական սեզոնին ընդառաջ։ 

Նշենք, որ ավանդաբար Երևան-Բաթում գնացքները մեկնարկում էին չվերթների սեզոնը հունիսից:

Ի՞նչ է սպասվում, ե՞րբ կավարտվեն երկաթգծի վերականգնման աշխատանքները․ MediaHub-ը պարզեց՝ զրուցելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի հետ։

Նրա խոսքով՝ հիմա հստակ ժամկետներ ներկայացնել հնարավոր չէ․ 24-ժամյա ինտենսիվ աշխատանք է իրականացվում, հազարավոր խմ քար ու գրունտ է մաքրվում ու տեղափոխվում։

«Երկու տեղամասում աշխատանքներն իրականացված են, այսինքն՝ երթևեկությունը բաց է։ Մնացած հատվածներում աշխատանքը շարունակվում է։ Իհարկե, սահմանափակումներով են գնացքներն այդ հատվածներով շարժվում։ Մնացյալ հատվածներում խնդիրները լուծելով առաջ ենք գնում։ Չորացնում ենք, լիցք ենք անում, սելավատարները քանդվել, թափվել են գծերի վրա։ Երեկ ու այսօր պայթեցման աշխատանք ենք իրականացրել, որ գծերը կարողանանք բացել ու աշխատանքը շարունակել»,- ներկայացրեց Գրձելյանը։

Նա տեղեկացրեց, որ աղետի հետևանքով արտաքին աշխարհից կտրված համայնքներին շարունակում են հատուկ միջոցներով սնունդ հասցնել։

«Ճանապարհից կտրված այդ համայնքներով էլ է երկաթգիծն անցնում, ու հիմա, քայլ առ քայլ, պիտի հասնենք այդ համայնքներին։ Մինչ այդ, ջերմաքարշով ենք ծանր տեխնիկա տեղափոխում այդ հատվածներ։ Հետիոտնային ճանապարհով չենք կարողանում տեխնիկա հասցնել։ Սարքելով գնում ենք, վագոններով լիցքերը կատարում ենք, բայց ընթացքում էլ խնդիրներ են առաջանում։ Հոսանքի բարձրավոլտ գծեր կային, որ վնասվել էին, դրանք ենք վերականգնել, ու զուհահեռ վերականգնել ենք չորս ենթակայանները, որ վնասվել էին»,- նշեց մեր զրուցակիցը։

Գրձելյանը տեղեկացրեց, որ 250 հայ և մոտ 50 ռուս մասնագետներ երկու հերթափոխով 24 ժամ աշխատում են, ու ամեն ինչ արվում է, որ այս ամսվա մեջ խնդիրն ամբողջապես լուծվի։

«Բայց անակնկալ բաներ կարող են լինել։ Երբեմն նոր խնդիրներ են առաջ գալիս։ Նայում ես՝ գրունտը կա, հողը կա, բայց գնացքը բարձրանում է, գծերը գնացքի տակից գնում են»,- ասաց Ռուբեն Գրձելյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքի այս տեմպերը գոհացնող են, և եթե անակնկալ խնդիրներ չլինեն, ապա հուլիսին արդեն երկաթգիծն անխափան կաշխատի։

Նշենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ հունիսի 1-ին, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular