ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնում են «ամենահեշտ»՝ անընդհատ պարտք վերցնելու ճանապարհով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի տեմպը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13,2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Արտաքուստ թվում է, թե պետք է գոհ լինել այսպիսի տեմպերից, սակայն մի շարք բացասական միտումներ են նկատելի, որի վերաբերյալ մանրամասն նշել է «Լույս» հիմնադրամն իր՝ վերջերս արված վերլուծության մեջ։ Նախ՝ տնտեսական ակտիվությունը նվազում է, և ընթացիկ տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4,9 տոկոսային կետով:

Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես որոշակիորեն նվազել է՝ հունվար-մարտի համեմատ դանդաղելով 1,1 տոկոսային կետով: Ու, ընդհանուր առմամբ, 2024 թ. հունվար-ապրիլ ամիսների աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով: Սակայն պետք է նկատել, որ արդյունաբերության աճը մարտի համեմատ կրկնակի դանդաղել է՝ կազմելով 16,3%, ինչի հետևանքով հունվար-ապրիլի աճի տեմպը նույնպես դանդաղել է հունվար-մարտի համեմատ՝ կազմելով 26,8%: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում արդյունաբերության ոլորտի քարշիչ ուժ էր դարձել ոսկերչության ոլորտը։ Եվ, մասնագետների դիտարկմամբ, արդյունաբերության ոլորտի աճի տեմպերի նվազումը կապված է հենց ոսկերչական գործունեության աճի դանդաղմամբ։

Հունվար-մարտ ամիսներին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալը կազմել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար, որը շուրջ 2 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա հունվար-մարտի բոլոր ապրանքների արտահանման ծավալը: Իսկ Հայաստանի ոսկերչական ոլորտի բուռն աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ոսկերչական ապրանքների նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով։ Ուստի, ոսկերչական հումքը Ռուսաստանից ներկրվում է Հայաստան, որոշակի մշակվում, ապա արտահանվում։ Սակայն ռուսական հումքի հետ կապված արևմտյան մտահոգությունների խորացման պայմաններում Հայաստանը ևս կարող է հայտնվել սահմանափակումների գոտում։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանը շրջանցող ուղիներով կարող է իր ոսկերչական ապրանքները հանել միջազգային շուկա։ Այլ կերպ ասած՝ ոսկերչական ոլորտի սրընթաց աճը չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ Հայաստանի տնտեսության համար և կախված է բազմաթիվ արտաքին գործոններից։ Եվ բացառված չէ, որ մի օր էլ այս ոլորտը մեծ արագությամբ սկսի փլուզվել։ Էական դանդաղում է նկատվում նաև ծառայությունների ոլորտում։ 2024 թ. ապրիլին ծառայությունների ոլորտի աճը կազմել է ընդամենը 0,8%` նախորդ ամսվա համեմատ նվազելով 3,9 տոկոսային կետով:

Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսների աճը ևս որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 3,9%: Ստացվում է, որ եթե ոսկերչության ոլորտի աճ չունենայինք, կարող էինք նույնիսկ անկում ունենալ։ Ու այդպես էլ արտաքին գործոններից կախված՝ Հայաստանի աճը չի փոխակերպվում հիմնարար աճի, երբ, օրինակ՝ Հայաստանում կավելանան արտադրության և արտահանման տեմպերը։ Դրա համար մեծ հնարավորություններ են բացվել, սակայն Հայաստանը չի օգտվում այդ հնարավորություններից։ Օրինակ՝ արևմտյան բազմաթիվ կազմակերպություններ ու ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Համապատասխան աշխատանք տանելու դեպքում այդ կազմակերպություններին կարելի էր բերել Հայաստան, իսկ ռուսական շուկայում առաջացած բացը լրացնել հայկական ապրանքների արտահանման ու հայկական ընկերությունների միջոցով։

Կառավարությունն առկա խնդիրները լուծելու փոխարեն նախընտրում է ամենահեշտ ճանապարհը, այն է՝ ամեն անգամ պարտք վերցնելու տարբերակը։ Արդյունքում ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Պարտքի ավելացումն ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, եթե լիներ նպատակային, բայց վերցված այդ գումարներն ընդամենը հրդեհը հանգցնելու համար են և չեն ծառայում հավել յալ տնտեսական արդյունք ունենալու գործին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular