ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոբերտը հպարտությամբ է կրել զինվորական համազգեստը, նաև դրա համար է իր կյանքը զոհել». մայոր Ռոբերտ Հասրաթյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա էր Ռոբերտս, նույն կերպ՝ նաև մյուս տղաս: Իմ հետ քնում, իմ հետ արթնանում էր, տան անդամներն անգամ զարմանում էին, թե ով է տեսել, որ փոքր երեխան մեծի պես քնի ու արթնանա: Խելացի էր, լուրջ, բանիմաց: Տասն ամսականում և՛ խոսեց, ընդ որում՝ հասուն մարդու պես, առանց կոտրտված, մանկական բառերի, և՛ քայլեց: Այնքան հետաքրքրասեր էր, երբ նոր խաղալիք էր նվեր ստանում, պտուտակահանով քանդում էր, ասում էր՝ տեսնեմ, թե մեջն ինչ կա, ինչպես է սարքված, հետո նորից հավաքում էր նույն կերպ, ինչպես խաղալիքի նախնական տեսքն էր: Հիմա իր մանկության ընկերներն են պատմում՝ երբ հավաքվում էին խաղալու, Ռոբերտն առաջարկում էր կռիվ-կռիվ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիման՝ Ռոբերտի մայրիկը:

Հիշում է՝ երբ դպրոցում ուսուցչուհին դասը պատմել է և հետո տնային հանձնարարություն տվել, որդին արձագանքել է՝ կարո՞ղ եմ հիմա պատմել դասը: «Ուսուցչուհին ասում է, որ բացատրել է, թե դասը նոր է հանձնարարել, պետք է դա տանը սովորի և հաջորդ օրը պատասխանի: Ռոբերտն ընդունակ էր, ամեն ինչ շուտ էր ըմբռնում: Դպրոցում ծնողական ժողովներին միշտ պարզերես էի լինում, անընդհատ իրեն գովում էին, իր միակ «թերությունը» ձեռագիրն էր, իր գրածը ինքն էլ չէր կարողանում կարդալ: Դպրոցական տարիներից, անգամ ավելի վաղ տարիքից, իր մեջ հայրենասիրությունը և զինվորական գործի հանդեպ սերը կար: Իր հայրիկը Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել՝ որպես կամավոր: Ռոբերտս տասը տարեկան էր, երբ տեղափոխվեցինք իմ ծննդավայր՝ Արցախ, «Եղնիկներում» անցա զինվորական ծառայության»: Մայրիկն ասում է՝ որդին լավ էր սովորում դպրոցում, նրան որպես բժիշկ էին տեսնում:

«Բայց երբ ութերորդ դասարանն ավարտեց, ասաց, որ ուզում է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում սովորել: Գուցե ամեն օր ինձ զինվորական գործում տեսնելը նպաստեց իր մասնագիտական ընտրությանը, համազգեստը գրավեց իրեն: Մելքոնյան վարժարան չընդունվեց, Ստեփանակերտում Իվանյանի անվան ռազմական վարժարանում սովորեց երկու տարի ու հետո արդեն հստակ հայտնեց իր որոշումը՝ մա՛մ, ուզում եմ զինվորական դառնալ: Ես չէի ուզում, բայց ինքը համառեց, առաջին դեպքն էր, երբ իմ ցանկությանը դեմ գնաց՝ մա՛մ, ուզես թե չուզես, ընդունվելու եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Եվ ընդունվեց»: Ռազմական համալսարանն ավարտելով՝ 2013 թ.-ին լեյտենանտի կոչումով, իր դիմումի համաձայն, Ռոբերտը ծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար։ 2016 թ.-ին նույն զորամասում նշանակվել է գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով, 2017 թ.-ին ստացել կապիտանի կոչում, 2019 թ.-ին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ: Մայրիկը պատմում է՝ որդին այդ ընթացքում ամուսնացավ և, ընտանիքին մոտ լինելու համար ու սպասելով որդու ծննդին, որոշ ժամանակ անց տեղափոխվեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ՝ որպես գումարտակի շտաբի պետ։ 2020 թ.-ին Ռոբերտը ստանում է մայորի կոչում։

«Ռոբերտը հասել էր իր երազանքին, նա իր աշխատանքը չափից շատ էր սիրում: Երբեք չէր տրտնջում: Իսկական զինվորական էր, սիրում էր «ուստավով» ծառայել, ամեն ինչը պետք է տեղը տեղին լիներ, ուշանալ չէր սիրում, տասն օրով արձակուրդ էր գալիս, շաբաթը չլրացած՝ վերադառնում էր զորամաս: Երբ վաշտի հրամանատար էր ու ծառայության մեջ, հրամանատարն ու նրա տեղակալները այդ օրերին էին արձակուրդ գնում: Կարեն Ջալավյանի (Քյոխ) հրամանատարությամբ է ծառայել, նա մի քանի անգամ մերժել է Ռոբերտի տեղափոխման զեկուցագրերը, միշտ ասում էր. «Նա՛ռ (ամուր, պինդ իմաստով), քո նման սպային չեմ թողնի գնալ «Եղնիկներից»»։ Իր հրամանատարական կազմը, զինվորները, իր հետ ծառայած սպաները մինչև հիմա ասում են՝ ո՞վ է տեսել զինվորը պաշտի սպային: Մինչև հիմա էլ գալիս են, նստում, հուզվում՝ չենք հարմարվում, որ Հասրաթյանը չկա: Չափից դուրս լուրջ էր, հազվադեպ իրեն կարելի էր տեսնել ժպտալուց, հազվադեպ էր հումորներ անում, բայց հազարից մեկ, երբ հումոր էր անում, իր շուրջը գտնվող մարդիկ րոպեներ շարունակ չէին կարողանում լրջանալ»:

Ռոբերտն անցել էր Ապրիլ յան պատերազմի բովով, պատվով կատարել մարտական առաջադրանքներ: Չորս տարի անց կրկին պատերազմ սկսվեց: «Երբ տագնապը տվեցին, երեքով՝ ես ու երկու տղաներս, դուրս եկանք տնից ու գնացինք տարբեր ուղղություններով: Վերջին անգամ իմ երեխուն տեսել եմ սեպտեմբերի 26-ին, իր զոհվելուց երևի մի կես ժամ առաջ ինձ հետ է խոսել: Պատերազմի ժամանակ զրույցների ընթացքում արդեն կես խոսքից իրար հասկանում էինք, կոդերով խոսում ու գիտեինք, թե որ մեկս որ հատվածում է: Ինքն ինձ էր ասում, որ զգույշ լինեմ, ես՝ իրեն: Պատերազմի ժամանակ եղել է Հաթերքում, Եղնիկներում, վերջում՝ Հադրութում: Ամեն անգամ ինձ հասկացնում էր, թե որ ուղղությամբ են գնում, բայց այդ օրը խոսեցինք ու չասաց, որ ինչ-որ տեղ ունեն գնալու»: Պատերազմի առաջին օրվանից մինչև անմահանալու օրը Ռոբերտը եղել է թեժ կետերում:

«Երբ զրուցում էինք, տղայից՝ Գոռից էր հարցնում. «Մա՛մ, խոսե՞լ ես Գոռի հետ»: Պատասխանում էի, որ այո: Ասում էր, որ հենց լսում է Գոռի ձայնը, չի կարողանում խոսել, անջատում է զանգը: Ծառայակից ընկերների մոտ միշտ ասել է՝ տեսնես էլի կտեսնե՞մ Գոռիս: Բայց այդ կարոտի հետ մեկտեղ մեկ օր տուն չեկավ, որ տղային տեսնի»: Ռոբերտն անմահանում է հոկտեմբերի 21- ին Հադրութի Դրախտիկ գյուղում: «Այդ օրը եղել են գումարտակի ինը տղաներով: Դիվերսիա է եղել, ինը հոգուց միայն մեկն է ողջ մնացել: Մայրական սիրտս հենց նույն վայրկյանին զգաց, որ մի բան պատահել է: Սկսեցի անընդհատ իրեն զանգել: Չկարողացա իր հետ կապվել: Ամբողջ գիշեր անհանգիստ էի: Առավոտյան զանգահարեցի ֆելդշերին, ասաց, որ ամեն ինչ կարգին է, տղաները տեղ են գնացել, հեռախոսները դրել են լիցքավորման, կգան, Ռոբերտը կզանգի: Հետո իմ սպաներից մեկն ասաց, թե Ռոբերտը վիրավորվել է: Բայց ինձ համար ամեն ինչ պարզ էր: Ես եկա տուն, բայց իրեն մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 21-ին նոր դուրս բերեցին այդ տարածքից:

ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել: Ռոբերտս ճանաչելի էր: Իր գումարտակի հետ արիաբար մարտնչել են թշնամու դեմ, երկու անգամ ընկել շրջափակման մեջ, և մոտ 150 կմ քայլելով՝ 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: «Ինձ ապրելու ուժ տվեց վրեժը, իմ երեխու վրեժը պետք է լուծեմ, ուժ տվեցին Ռոբերտի տղան ու կինը, մեր ընտանիքը: Չեմ համարում սա ապրել, ուղղակի գոյատևում ենք: Ինձ երբեմն ասում են, թե որքան ուժեղ եմ, որ այս ամեն ինչի միջով անցնելուց հետո համազգեստ եմ կրում: Մի տարի չէի կարողանում համազգեստին նայել անգամ: Բայց հետո այդ գիտակցումը եկավ, որ դա իմ երեխայի երազանքն էր: Նա սիրում էր այն, պարտավոր եմ այդ համազգեստը կրել: Ռոբերտը հպարտությամբ է այն կրել, այդ համազգեստի համար է նաև իր կյանքը զոհել: Ժամանակը չի բուժում, ամեն օր մեկ միլիմետր խորացնում է վերքը, և արնահոսությունն ավելի է ուժեղանում: Մի օր էլ է անցնում, հասկանում ես, որ երեխեդ չեկավ, օրդ կարոտով անցավ»:

Հ. Գ. - Մայոր Ռոբերտ Հասրաթյանն արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների: Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայության», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular