ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը աղետի գոտում (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Աղետի գոտին, 9-րդ օրն է, շարունակում է մնալ տիղմի, ցեխ ու ջրի մեջ։ Էպիկենտրոն համարվող Ալավերդիում փրկարարների հետ Վանաձորի, Սպիտակի, Երևանի ու Արցախի կամավորական խմբերն են աշխատում։ Մի շարք բնակավայրերում Դեբեդի ու Աղստևի ջրերը քշել-տարել են բնակչության ողջ ունեցվածքը, անասունները և այգիները։

«Այգուս տեղը հիմա քարակույտեր են ու ջրի հետ եկած աղբի մնացորդներ, ասես ոչինչ էլ չի եղել այդտեղ։ Խնամքով մշակված այգի ունեի՝ տարբեր մշակաբույսեր էինք ցանել, մրգատու ծառեր տնկել, հիմա ոչ մի բան չունենք։ Ելակը մի անգամ էի հասցրել քաղել»,- MediaHub-ին պատմում է Հովնան Ամիրխանյանը։

Կամավորական խմբերից բացի տուժած բնակավայրերում մեկ օր ապրելն առանց փոխօգնության հնարավոր չէր լինի։ Շենքերի վերևի հարկերի բնակիչներն օգնում են առաջին հարկերում ապրողներին, ինչով կարող են։ Մեր զրուցակցի խոսքով՝ դաժան իրականությանը զուգահեռ լոռեցիներն իրենց հատուկ հումորով սկսել են նոր անեկդոտներ հյուսել։ 

«Հումորը եթե չլիներ, կգժվեինք»,- ասում է նա։ 

«Էս աղետը միավորել է մեզ, ամբողջ Ալավերդին հիմա համերաշխության դաս է տալիս։ Լրիվ «Մեր բակն ա»։ Վերևի հարևանները լվանում են մեզ պես առաջին հարկում ապրողների հագուստները, դոշակները, բարձերն ու վերմակները,  չորացնում իրենց պատշգամբներում։ Մեր շենքում պարապ մարդ չկա, էս պահին էլ բոլորը զբաղված են։ Մեկը լվացք է անում, մյուսը ճաշ է պատրաստում, տղամարդիկ էլ մաքրում են տիղմը»,- ասաց նա։ 

Աղետի պատճառով շրջափակման մեջ հայտնված Քարկոփի բնակիչների համար այսօր բացվել է մյուս բնակավայրերի հետ կապող ճանապարհը։ 

«Դեպի աղետի գոտի համարվող բնակավայրեր հասարակական տրանսպորտ է գործելու։ Այսպես գոնե կկարողանանք ներս ու դուրս անել, մեզ համար ուղարկված օգնությունները ժամանակին տեղ կհասնեն»,- ասաց Քարկոփի բնակչուհի Նարինեն։ 

Նրա տան գույքն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Օգտագործման համար պիտանի չեն ո՛չ հագուստեղենը և անկողնային պարագաները, ո՛չ էլ կենցաղային տեխնիկան։ «Ջրի ցամաքելուց հետո, արդեն 9 օր է, տունը մաքրում ենք տիղմից։ Ոչ մի բան չունենք, հազիվ մեզ ենք փրկել։ Աչքիս ոչ մի բան չի երևում ազիզ, կարևորը թոռներիս բան չի եղել»,- ասաց նա։ 

Նշենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի ու դրա հետևանքով ստեղծված աղետի պատճառով՝ դեպի Վրաստանի սահման ուղևորությունն առայժմ իրականացվում է Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular