Արևմուտքը հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կբեմադրի․ ՌԴ փոխարտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքը ցանկանում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդանի» սցենար բեմադրել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
«Արևմուտքի կողմից Վրաստանում իրավիճակը սրելու փորձեր ենք տեսնում՝ այնտեղ հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում. չենք բացառում, որ նպատակը «մայդանի» սցենարով իշխանափոխությունն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու հաշվարկով»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անթաքույց ճնշում են գործադրում բազմաթիվ ինքնիշխան պետությունների վրա, այս անգամ թիրախը Վրաստանն է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման համատեքստում, այնինչ նույն ԱՄՆ-ում ու Եվրոպայում այս հարցի շուրջ շատ ավելի խիստ մոտեցումներ են գործում, ուստի, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, Միացյալ Նահանգներն ու եվրոպան շարունակում են երկակի ստանդարտներ կիրառել։
Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները մասնակցել են մայիսի կեսերին Թբիլիսիում բողոքի ակցիաներին։
«Դժվար է սա որակել այլ կերպ, քան անկախ պետության ներքին գործերին բացահայտ միջամտություն։ Մենք մեր հերթին շահագրգռված ենք Վրաստանի կայուն ժողովրդավարական զարգացմամբ և, ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մենք չենք միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին»,- ասել է Գալուզինը։