ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դոլար

ՖՈՏՈ

Անկասկած  շատերն են ծանոթ խշշացող կանաչ թղթադրամներին, դոլարներին: Իրականում դոլարը կարող է լինել ոչ միայն ամերիկյան, այլ նաև կանադական, ավստրալական և շատ այլ երկրների։ Ներկայումս համաշխարհային տնտեսության մեջ ամերիկյան դոլարն ամուր դիրքեր է զբաղեցրել ու չի զիջում չնայած տնտեսական տարբեր խնդիրներին։

Այդ թղթադրամների նկատմամբ հսկայական ժողովրդականության պատճառով մեծ է հետաքրքրությունը նաև առաջին դոլարի ի հայտ գալու պատմության նկատմամբ։ Բայց պատմաբանները դրան միանշանակ պատասխան չեն կարողանում տալ։ Դոլարի արտաքին տեսքի և ֆիրմային անվանման վերաբերյալ մեծ թվով տեսություններ կան։ Ամենահայտնին այն է, որ ամերիկյան դոլարի ծագումը Եվրոպայի երկրներից է։ 16-րդ դարի սկզբին Բոհեմիայում Սուրբ Հովակիմի պատվին հատվել է մետաղադրամ, որը կոչվել է «Յոահիմստալեր»։

Հասարակ ժողովրդի մեջ այն սկսել են անվանել թալեր։ Սկզբում թալերները շրջանառվել են Գերմանիայում, իսկ հետո տարածվել ողջ Եվրոպայում։ Յուրաքանչյուր ազգ ունեցել է իր անվանումը այդ մետաղադրամի համար: Օրինակ՝ Իսպանիայում այն «տոլերո» էր, Սկանդինավիայում «դալեր», Իտալիայում՝ «տոլլերո», Անգլիայում սկզբում մետաղադրամն անվանել են «դալար», իսկ հետո ավելի համահունչ անուն են տվել՝ «դոլար»։

Բուն Ամերիկայում դոլարը հայտնվել է 18-րդ դարի վերջին։ 1785 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը Թոմաս Ջեֆերսոնի առաջարկով որոշել է դոլարը ճանաչել որպես երկրի հիմնական դրամական միավոր։ Այն ժամանակ թղթադրամներ չկային, և արծաթից պատրաստված մետաղադրամային դոլարներն էին համարվում վճարային արժույթ։ Հատված դոլարի քաշը 27 գրամ էր, որից 24,1 գրամը մաքուր արծաթ էր։ Դրանք հատվել են ԱՄՆ-ում 1794 թվականին։ Մինչ այդ պահը շրջանառության մեջ էին իսպանական արծաթե մետաղադրամները։ ԱՄՆ-ում թղթադրամներ սկսել են թողարկվել 1797 թվականից։ Բայց վերջիններս տարբերվում էին միմյանցից իրենց արտաքին տեսքով:

Դրա պատճառը յուրաքանչյուր նահանգի սեփական թղթադրամներ թողարկելու հնարավորությունն էր։ Միայն 19-րդ դարի կեսերին են իշխանությունները ձեռնամուխ եղել այդ խնդրի լուծմանը և 1861 թվականին թողարկել են նույնատիպ դրամական միավորներ։ Հենց սկզբից տպագրողները պրագմատիկ են մոտեցել հարցին, պարզվել է, որ պահեստներում ամենաշատը կանաչ թանաքն է, և թղթադրամը տպել են այդ գույնով։ Ժողովրդի մեջ նոր դոլարներն անմիջապես ստացել են «greenbacks» անվանումը, որը թարգմանվում է որպես «կանաչ թիկունք», այդ անվանումը հաճախ օգտագործվում է նաև մեր ժամանակներում, չնայած ավելի գործածական է ավելի կարճ անվանումը՝ «կանաչ», կամ էլ ռուսական տարբերակը՝ «капуста», այսինքն կաղամբ, որը կանաչ է լինում:

Հարկ է նշել, որ դոլարի արտաքին տեսքն անընդհատ փոխվել է։ Այն իր ծանոթ տեսքը ձեռք է բերել միայն 1928 թվականին, երբ Ռուսաստանից արտագաղթած նկարիչ Սերգեյ Մակրոնովսկին մշակել է դոլարի իր սեփական դիզայնը։ Նա սկսել է ամերիկյան մեծ քաղաքական գործիչներին նկարել թղթադրամների վրա։ Թղթադրամի վրա պատկերվել է նաև Միացյալ Նահանգների պետական ​​զինանշանը՝ ձիթենու ճյուղով արծիվը և անավարտ բուրգը՝ Ամենատես աչքի գլխավորությամբ: Ներկայումս դոլարների վրա արծիվը դեռևս լայնորեն օգտագործվում է, բայց բուրգը կարելի է տեսնել միայն մեկ դոլարանոց թղթադրամների վրա:

Կ․ Խաչիկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular