Արցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. Դավթյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը: Հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները:
Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:
1. Ձևավորել այնպիսի իշխանություն, որն ունակ կլինի բալանսավորել ազգայինի ու գլոբալի միջև, ճիշտ կընթերցի աշխարհաքաղաքական կոդերն ու երկարաժամկետ քաղաքական կամք կդրսևորի:
2. Անցնել նախագահական համակարգի:
3. Համայն հայության ռեսուրսի գույքագրում անցկացնել: Գնահատել՝ քանի հեղինակավոր բժիշկ ու գործարար, ինժեներ ու գիտնական, քաղաքական գործիչ ու ժուրնալիստ ունենք աշխարհում: Կոնսոլիդացնել նրանց մեկ գաղափարական առանցքի շուրջ: Ստեղծել գլոբալ հայկական ցանց: Լոբբիստական ցանց:
4. Ձևավորել խորքային պետություն, որի առկայության դեպքում կարող են փոխվել քաղաքական դեկորացիաներն ու դերակատարները, բայց պետության զարգացման վեկտորը կմնա նույնը:
5. Սահմանել հայի քաղաքական ու քաղաքացիական ինքնության սահմաններն ու քաղտեխնոլոգների, սոցիալական հոգեբանների ու սոցիոլոգների միջամտությամբ ներդնել այն հասարակական գիտակցության մեջ: Դառնալ քաղաքական ազգ:
6. Սահմանել պետության զարգացման առնվազն 30 տարվա ճանապարհային քարտեզ: Հստակ չափորոշիչներով ու առանց պաթոսային լիրիզմի: Հավատալ, որ եթե գրագետ ու համակարգված աշխատենք, ապա ճանապարհի վերջում կարող ենք ունենալ կրկին ազատագրված Արցախ ու կայուն Հայաստան:
7. Խորապես զարգացնել կիրառական ադրբեջանագիտությունը: Ստեղծել համապատասխան գիտահետազոտական կենտրոններ ու կրթական ծրագրեր: Ուսումնասիրել թշնամու 30 տարվա փորձը, զննել նրան խոշորացույցի տակ, ինչպես նա է մեզ զննում:
8. Բանակը զարգացնելու հետ մեկտեղ սովորել վարել հիբրիդային պատերազմներ՝ ՛՛խելացի ուժի՛՛ կիրառմամբ: Այս նպատակով նախևառաջ արմատական ռեֆորմներ իրականացնել երկրի ուժային ու դիվանագիտական համակարգերում:
Հ.Գ. Ժողովրդից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Ուղենիշները պետք է սահմանի էլիտան ու ստիպի ժողովրդին համապատասխանել դրանց: Եթե պետք է՝ կոշտ կերպով ստիպի՝ ՛՛գիրքը գլխին տալով՛՛: Գիտեմ, շատերը կնեղվեն այս խոսքերից: Բայց մենք արդեն այն կետում ենք, երբ անձամբ իմ քաղկոռեկտությունը սպառվել է»: