ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ցանկությունն է, որ «խաղաղության պայմանագիրը» Բաքվում ստորագրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ի տեղեկություններով՝ մոտ է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բաքու։ Թշնամի երկրի մայրաքաղաքում, հիշեցնենք, նոյեմբերի 11-24-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը, որի հրավեր, ինչպես MediaHub-ը գրել էր, ստացել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Բացի այս, մենք նաև գրել էինք, որ չի բացառվում, որ հենց Բաքվում էլ ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հետևանք կարող է ունենալ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Բաքվում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։ 

«Դա Ադրբեջանի ցանկությունն է, որ «խաղաղության պայմանագիրը» Բաքվում ստորագրվի, որպես հաղթող կողմի։ Հաշվի առնելով, թե Փաշինյանի կառավարությունը որքան ժամանակին անհնարին համարվող բան է արել այս ընթացքում, որոնք նրանց ձեռամբ դարձան հնարավոր, այս քայլն էլ պետք չէ բացառել»,- ասաց Իգիթյանը։

Բաքվում ստորագրելը, ըստ քաղաքագետի, վտանգի մասին չէ, այլ՝ ով է թելադրող կողմը: Այսինքն, եթե ստորագրվի Բաքվում, ապա թելադրող կողմը Ադրբեջանն է։

«Նման իրավիճակում, որ մենք ենք գտնվում, Ադրբեջանը մի քանի պատերազմներից հետո հաղթողի դիրքերից է խոսում ու կանչում է Հայաստանի ղեկավարին Բաքու և այնտեղ պարտադրում է ինչ-որ փաստաթողթ, այո՛, թելադրող կողմը Ադրբեջանն է»,- ընդգծեց Իգիթյանը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որի առաջին փուլն ավարտվեց և հարցին, թե որտե՞ղ կիրականացվի  գործընթացի շարունակությունը, արդյոք հերթը անկլավներինն է, քաղաքագետը նշեց. «Իմ կարծիքով՝ հաջորդը կլինեն անկլավները, իսկ Սյունիքի մասը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», միշտ Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում է, բայց ե՞րբ դրան կհասնեն, չեմ կարող ասել»:

«Կարծում եմ, որ անկլավներից հետո։ Հայաստանի իշխանությունը, ստորագրելով Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա փաստաթուղթը և ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս, և հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետք է չտան, եթե արդեն ճանաչել են Ադրբեջանի մաս»,- եզրափակեց Իգիթյանը։

Հիշեցնենք, 2023 թվականի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի հայտարարությունից տեղեկացանք, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջել է Բաքվին։ Նույն պայմանավորվածության կոնտեքստում Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, այդ թվում և ԶՊՄԿ պահակին սպանած հանցագործին:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular