ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած տարվա վերջից մինչ այս պահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 8 դատական հայց ունի՝ բոլորը զրպարտության հոդվածով, սա, իհարկե, լռեցման փորձ է․ իրավաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա վերջից մինչ այս պահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 8 դատական հայց ունի՝ բոլորը զրպարտության հոդվածով, սա, իհարկե, լռեցման փորձ է․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահագն Գրիգորյանը։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) զրպարտության հոդվածով դատական հայցեր է ներկայացրել լրատվամիջոցների, բնապահապանների նկատմամբ։

Իրավաբան Վահագն Գրիգորյանը նշեց․ «Իմ մոտեցումը հետևայլն է՝ կա հրապարակված նյութ, որում չկա լրատվականի սեփական քոմենթ և ամբողջական ուղղակի հարցազրույց է հրապարակված, երևում է, թե այդ հարցազրույց տվող անձը ով է, լրատվական գործակալությունը չպետք է այդտեղ պատասխանատվություն կրի»։

Նրա խոսքով՝ լրատվականը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե հղում է  կատարում տեղեկատվության աղբյուրին կամ հեղինակին և չի ազատվում պատասխանատվությունից, եթե չնույնականացվող աղբյուրի տեղեկատվություն է տարածել։ Ավելին, նա ընդգծեց, որ բնապահպանական տեղեկատվությունը հանրությանը հուզող հարց է, և հանրությանը հուզող հարցը տարածելու դեպքում հրապարակված նյութը օգտվում է առավելագույն պաշտպանությունից, բայց այստեղ քննարկում ենք ամենաառաջնային կետերը, այստեղ ընդհանրապես պատասխանատվության հարց էլ չպետք է քննարկվի։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ լրատվամիջոցներին, մասնագետներին իրենց մասին որևէ տեղեկություն հրապարակելու համար դատական պատասխանատվության է կանչում լռեցնելու համար, որովհետև հիմա որևէ բնապահպան պարզապես չի հրաժարվում խոսել  ԶՊՄԿ-ի  (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) մասին, նա ասաց, որ բացի շատ ծայրահեղ դեպքերից զրպարտության և վիրավորանքի հետ կապված հարցերով դատի տալը նորմալ չի համարում։

«Այդ ինստիտուտը չպետք է օգտագործվի որպես գործիք, թե նայեք՝ ես չեմ թողնում իմ մասին խոսեն, ով իմ մասին խոսի առնվազն կընկնի եթե ոչ պատասխանատվության դաշտ, ապա գոնե դատական պրոբլեմի մեջ․ դա բոլորի համար առնվազն տհաճ ու ծախսատար է։ Իսկ ընդհանուր առմամբ շատ վատ է երբ հավասարակշռված խոսք արտահայտելու հնարավորություն ունեցող մարդուն այնպես են անում, որ չխոսի»։

Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած հանք շահագործող սուբյեկտ և դատարանն էլ պետք է գիտակցի, որ 100 տոկոսանոց մաքուր հանքաարդյունաբերություն չի լինում։ «Չեմ կարծում, թե տեխնոլոգիաները հասել են այն աստիճանի, որ կարող ենք ասել՝ շահագործում եմ հանք, որը ոչ մեկին վնաս չէ։ Դա նորմալ է։ Եթե մենք ընտրենք հանք շահագործելու, չշահագործելու մեջ, պետք է ընտրություն կատարել, որ օգուտ ենք բերում մեզ, երկրին, մարդկանց այնտեղ աշխատող, բայց և դրա դիմաց մենք ինչ-որ վնաս ենք պատճառում շրջակա միջավայրին ու ինչ-որ չափով էլ վնաս ենք պատճառում մարդկանց առողջությանը․ դա ընդհանուր առմամբ նորմալ է և դրա մասին խոսելն էլ է նորմալ»,- շեշտեց իրավաբանը։

Նա ընդգծեց, եթե բնապահպանի կողմից հայտարարվի՝ հեսա այդ տարածքում ապրող մարդիկ մեռնելու են, դա արդեն կարող է չափազանցություն դիտվել, դրա համար կարելի է պատասխանատվություն պահանջել։ «Բնապահպանին էլ չի կարելի թողնել՝ ինչ ուզի խոսի։  Նրանք շատ էմոցիոնալ են այդ հարցերին նայում, և ըստ իս, ինչ-որ հակվածություն ունեն չափազանցնելու, բայց եթե ողջամիտ սահմանների մեջ է մտնում խոսքը, որ վնաս է պատճառում հանքը, շահագործողն էլ պետք հասկանա՝ ինքը չի կարող գնալ ու պահանջի, որ իր վերաբերյալ այնպիսի կարծիք ձևակերպվի, որ այս հանքը ոչ մեկին վնաս չի պատճառում»,- շեշտեց նա։

Նա ընդգծեց՝ պետք է ընդունել՝ հանքերը պետք են, բայց վնաս են պատճառում և եթե նույնիսկ չարիք են, ապա անհրաժեշտ չարիք են։ «Հանքն այնպիսի բան է,  որ ամեն դեպքում ավելի լավ է ինքը լինի, քան չլինի, եթե, իհարկե, ամեն դեպքում իր տված վնասն այնչափ մեծ չէ, որ իր բոլոր տնտեսական, սոցիալական օգուտները զրոյացվի։ Եթե արտահայտությունն էլ այն համատեքստում չի լինում, որ էս հանքի պատճառով մարդիկ են մահանալու շուտով, այդ դեպքում իրավակիրառ պրակտիկայում պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչը խոսքի ազատության մեջ է տեղավորվում և կարելի է այդ բոլոր արտահայտությունները շատ հանգիստ անել ու որևէ պատասխանատվության չենթարկվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ լրատվամիջոցները եթե վերլուծական չեն հրապարակում, ուղղակի հարցազրույց է ու աղբյուրը բացահայտ է, հասկանալի է թե ով է այդ մարդը, ապա ոչ մի դեպքում չի կարող պատասխանատվության ենթարկվել։

Նշենք, որ բնապահպաններին ճնշելու հետ կապված դեռևս փետրվարին Մարդու իրավունքների կոալիցիայի «Զարգացման պաշտպաններ» արշավի (e Defenders in Development campaign at the Coalition for Human Rights in Development) համակարգող Մարկ Ֆոդորը հայտարարել էր, որ Վերջին ամիսներին մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հայ պաշտպանները և նրանց կազմակերպությունները զրպարտչական հարձակումների են ենթարկվում, և որ նրանք ավելի ու ավելի են թիրախավորվում իրենց խաղաղ, օրինական աշխատանքի համար, և որ այս հրապարակային զրպարտչական արշավն իրականացվում է պետական պաշտոնյաների բացահայտ աջակցությամբ և միանգամայն անընդունելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular