ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը խանգարում է էրդողանին տարածվել Անդրկովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում EFES 2024 բազմազգ զորավարժությունների շրջանակում բարձր մակարդակի դիտորդների օրվա միջոցառման ժամանակ հայտարարություն է արել Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ։ Այն բաղկացած է եղել երկու թեզերից: Առաջինն այն է, որ Հայաստանը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ և առաջին հերթին ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վնասակար ազդեցությունից»։ Երկրորդ հերթին ըստ Էրդողանի, «Ղարաբաղի ազատագրումից հետո տարածաշրջանում ձևավորվել է իսկապես պատմական հնարավորություն կայուն խաղաղություն հաստատելու համար, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»։ Արդյո՞ք այդ թեզերը կապված են միմյանց հետ փորձել է պարզել  iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Այո, դրանք կապված են, բայց յուրօրինակ կերպով։ Անկարայի ու Բաքվի պայմանավորվածությունների համաձայն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում։ Պատահական չէ, որ Թուրքիան շատ ուշադիր հետևել է մայիսի 10-ին Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին։ Այդ կապակցությամբ Էրդողանը հայտարարել է, որ «ակնկալում է դրական արդյունքներ»։ Բայց նույնիսկ այն ժամանակ նա կարծում էր, որ «Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտորեն համագործակցել, որպեսզի կանխեն տարածաշրջանն աշխարհաքաղաքական հակամարտության գոտու վերածելու  միակողմանի և կողմնակալ արտաքին միջամտությունը»:

Հնարավոր արտաքին միջամտություն ասելով նա նկատի ունի ոչ թե Ռուսաստանը, որին Հայաստանը զրկել է խաղաղության գործընթացում մոդերատորի դերից, այլ Արևմուտքը, որտեղ շտապում է Երևանը։ Սակայն ղազախական բանակցություններն արդյունք չտվեցին, և հարցը, թե որքանո՞վ են կողմերը պատրաստ հաշտեցման, մնում է բաց։ Ճիշտ է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ասել, որ կողմերը մոտ են հարաբերությունների կարգավորմանը, սակայն Էրդողանն այդպես չի կարծում համարելով, որ Հայաստանի ապագան «կապված է տարածաշրջանի երկրների հետ»: Այսինքն առաջարկվող «3+3» բանաձևը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) կարող է ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ առանց Արևմուտքի մասնակցության։

Ինչ վերաբերում է հայկական սփյուռքի (արևմտյան) ազդեցությանն Անկարայի նկատմամբ Երևանի քաղաքականության վրա, ապա այն ենթադրում է երկու գործընթացների տարանջատում` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական: Փորձագետների կարծիքով, եթե Թուրքիան գնար վերականգնելու դիվանագիտական ​​և այլ հարաբերությունները Հայաստանի հետ չսպասելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրին, ապա Անկարան «կկարողանար իր կողմը քաշել արևմտյան սփյուռքին պառակտում առաջացնելով նրա և Հայաստանի միջև»:

Ավելին, Անկարան հասկանում է, որ ոչ թե արևմտյան սփյուռքն է կախված Հայաստանից, այլ Հայաստանը սփյուռքից։ Սակայն Բաքվի հանդեպ պարտավորություններով շղթայված Անկարան զրկված է նման կերպ մանևրելու հնարավորությունից։ Ուստի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա արտաքին ուժերի ազդեցության մասին Էրդողանի հայտարարությունը սկսում է ընկալվել որպես Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր նախապայման։ Այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում քիչ հավանական է թվում։ Պատճառը Բաքվի դիրքորոշումն է, որը, հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, վախենում է թույլ տալ, որ Անկարան ինքնուրույն դրեյֆի տարածաշրջանում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular