ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև օր արևմտյան ժողովրդավարության համար». վրացի պատգամավորներն արձագանքել են ԱՄՆ-ի վիզային պատժամիջոցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հերքել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից առաջադրված ժողովրդավարությունը խարխլելու մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ է սահմանել տասնյակ վրացիների, այդ թվում օրենսդիրների նկատմամբ, որոնց մեղադրել է ընդդիմությանը հետապնդելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ, գրում է bbc.com-ը։

«Դա կոպիտ միջամտություն է պետության ներքին գործերին և ճնշում պետական ինստիտուտների վրա, - ասել է խորհրդարանական մեծամասնության (Ժողովրդական իշխանություն կուսակցություն) պատգամավոր Դմիտրի Խունդաձեն,- երբ օրենսդիրին պատժում են օրենք ընդունելու համար, դա, անշուշտ, անընդունելի է, դա հետամնաց քայլ է ժողովրդավարության համար և մութ օր արևմտյան ժողովրդավարության համար»:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն էլ հեգնական մեկնաբանություն է գրել Facebook-ում։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք այս պատմությանը: Օրինակ, մենք իրավունք ունենք, ի վերջո, իմանալ, թե արդյո՞ք մենք աշխարհում առաջին օրենսդիրն ենք, որին պատժել են օրենք ընդունելու համար։ Նաև վրացական ընդդիմություն-գործակալներն իրավունք ունեն ուրախանալու ավելի կոնկրետ նորություններով, այլ ոչ թե տասներորդ անգամ հնչեցվող ընդհանուր ակնարկներով»,- գրել է Մդինարաձեն։

Վիզային պատժամիջոցների առաջին փաթեթի մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նրա խոսքով, խոսքը գնում է մոտ երկուսից երեք տասնյակ Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մասին, ովքեր պատասխանատու են եղել կամ մասնակցել են Վրաստանի ժողովրդավարության խարխլմանը խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակումների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ահաբեկման և ապատեղեկատվության տարածման միջոցով։

Միլլերը կոնկրետ անուններ չի նշել, սակայն նշել է, որ դրանց թվում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ և մասնավոր անձինք:

«Մենք սովորաբար մարդկանց չենք ծանուցում, բայց նրանք կիմանան այդ մասին, եթե փորձեն մտնել Միացյալ Նահանգներ, - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը,- սա ընդամենը առաջին քայլն է մեր գործողությունների շարքում։ Եվ պետք է նշեմ, որ այն գործողությունները, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, պարտադիր չէ, որ կապված լինեն այդ նոր պատժամիջոցների հետ։ Մենք նաև ասել ենք, որ ամբողջական վերանայում ենք Վրաստանի կառավարության հետ մեր հարաբերությունները»։ 

Նա նաև հավելել է, որ վրացական իշխանությունները դեռ ժամանակ ունեն փոխելու այն ճանապարհը, որով շարժվում է, և դրանից է կախված լինելու ԱՄՆ-ի քաղաքականությունը։

«Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն առաջ շարժվելու համար, - հավելել է Միլլերը,- Բայց եթե նրանք դա չանեն, ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular