Ինչպես է այժմ ապրում և գործում Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանում առաջին տիկնիկային թատրոնը գտնվում է Գյումրի քաղաքում և շուտով կնշի իր հարյուրամյակը։ Նրա վարպետները խնամքով պահպանում և շարունակում են 20-րդ դարի տիկնիկավարների ավանդույթները, գրում է smotrim.ru-ն։ Իսկ ինչպե՞ս է այժմ ապրում և գործում Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը։
Գյումրիում ցուցադրվող հեքիաթներում ամեն ինչ ստեղծված է Աշոտ Եդիգարյանի ձեռքերով։ Տանը և աշխատավայրում նա էսքիզներ է նկարում, դեկորացիաներ է հավաքում և, իհարկե, նոր կերպարներ է հորինում։ Եդիգարյանը 66 տարեկան է, նա վերջին հինգ տարիներին տիկնիկային թատրոնի վարպետն է։ «Փորձել եմ տարբեր մասնագիտություններ, բայց ոչ մեկի մեջ չեմ խորասուզվել: Սկսել եմ որպես մետալուրգ, ինչպես պապիկս, բայց դա ինձ դուր չեկավ: Ես նախընտրում եմ փայտը, նրա հոտը, դրա հետ աշխատելու զգացողությունը: Ես սիրում եմ ստեղծել տիկնիկներ: Նրանք բարություն և սեր են տալիս երեխաներին»,- կիսվել է տիկնիկագործ Աշոտ Եդիգարյանը:
«Կոշկավոր կատուն» հայտնի վերնագիր է Գյումրու թատրոնի խաղացանկում: Այստեղ բեմի համար հարմարեցված են եվրոպական, ռուսական և, իհարկե, հայկական հեքիաթները։ Ամսական տասը ներկայացում են տալիս, ամեն եթերաշրջանի պատրաստում են մինչև երեք պրեմիերա։
Ամեն ինչ սկսվել է դեռ 1935 թվականին «Հեղափոխական Տանյա» տիկնիկային ֆիլմի արտադրությամբ։ Պատերազմից հետո՝ քառասունվեցից մինչև յոթանասունականները թատրոնի տնօրենը Ստեփան Ալիխանյանն էր։ Այժմ թատրոնը կրում է նրա անունը։ Նրա սաները դեռ աշխատում են թիմում։
«Սա առաջին պետական տիկնիկային թատրոնն է, որը գոյություն ունի արդեն 89 տարի և ունի առանձնահատուկ պատմական նշանակություն: Ես հասել եմ այն իմ դրած նպատակներին, երբ հինգ տարի առաջ դարձա ռեժիսոր, բայց ուզում եմ ավելիին հասնել»,- ասել է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։
Անցյալ տարի թատրոնը քառասուն տարվա մեջ առաջին անգամ ենթարկվեց հիմնանորոգման։ Սակայն թարմացման վրա աշխատանքը շարունակվում է: Մինչ Աշոտ Եդիգարյանն աշխատում է նոր տիկնիկների վրա, հները թոշակի են անցնում: Ոմանք ութսուն տարեկանից էլ մեծ են:
Կուլիսների ետևում գտնվող կախիչներից նրանք շարժվում են դեպի ճեմասրահ, որտեղ տեղադրված է փոքրիկ ցուցահանդես։ Թիմի երազանքն է բացել լիարժեք թանգարան, որտեղ հանդիսատեսը կարող է ծանոթանալ թատրոնի հարուստ պատմությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը