ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսությունն է նաև թելադրում քաղաքականությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանություններն օրակարգ են բերել արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մասին թեզը։ Իհարկե, դիվերսիֆիկացիան ընկալվում է որպես դրական գործընթաց, որը հնարավորություն է տալիս աշխատել մի քանի ուղղություններով։ Բայց խնդիրն այն է, որ դիվերսիֆիկացիան միայն հայտարարություններով չի լինում, անհրաժեշտ են համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարած ռեալ քաղաքականությանը, ապա նրանք ոչ թե փորձում են դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները, այլ փոխել արտաքին կողմնորոշման վեկտորը՝ իր տնտեսական հետևանքներով:

Դրա համար էլ նրանք ակտիվորեն սկսել են շրջանառել Հայաստանի եվրաինտեգրացման հեռանկարի մասին խոսակցությունները։ Ու դա տեղի է ունենում Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատությունների ֆոնին։ Բայց չափազանց կարևոր է հասկանալ, թե որքանով է իրատեսական Հայաստանի ինտեգրումն արևմտյան կառույցներում, և թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ նման աշխարհաքաղաքական «ոլորանները»։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ավելին, ժամանակի ընթացքում առևտրի հաշվեկշռում Ռուսաստանի մասնաբաժինն ավելի է մեծանում՝ անցնելով նույնիսկ 60 %-ի սահմանագիծը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական ապրանքների արտահանման 27 %-ը և ներմուծման 34 %-ը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունի բնական գազը։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը 165 դոլարով, ինչը լրացուցիչ մրցունակություն է հաղորդում ՀՀ տնտեսությանը։ Օրինակ՝ ԱՄՆ-ը Եվրոպային գազը վաճառում է 380 դոլարով։ Հաջորդ խոշոր ապրանքախումբը նավթամթերքն է՝ բենզինը, դիզելային վառելիքը։ Ու, ընդհանրապես, Հայաստանի էներգետիկ ոլորտն ուղիղ փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Միայն Մեծամոր քաղաքի մոտակայքում գտնվող ատոմային էլեկտրակայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 40 %–ը։ Իսկ ատոմակայանն աշխատում է Ռուսաստանի կողմից մատակարարված միջուկային վառելիքի հիմքով։

Ռուսաստանից ներմուծվող կարևոր ապրանքներից մեկն էլ ցորենն է, որի միջոցով Հայաստանը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հայկական գյուղմթերքի ու այլ ապրանքների հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է։ Պարբերաբար տեսնում ենք, որ եթե մի քանի օր շարունակ Լարսի անցակետը փակվում է կամ ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա իսկույն դրա ազդեցությունը զգացվում է մեր տնտեսության վրա։ 2023 թվականի ընթացքում ՌԴ-ի հետ իրականացվել է 7 մլրդ 306 մլն 23,9 հազար դոլարի առևտուր՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 43,3 %-ով։ Աճի տեմպը պահպանվում է նաև այս տարի։ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ վերջին 4 ամիսներին աճել են 3 անգամ՝ կազմելով 6,3 մլրդ դոլար: Դրան պետք է գումարել նաև այն հանգամանքը, որ դեպի ՀՀ դրամային փոխանցումների ամենամեծ ծավալը Ռուսաստանից է։

Իսկ ինչ վերաբերում է արևմտյան երկրների հետ Հայաստանի առևտրին, ապա դրա հեռանկարներն այս պահի դրությամբ մշուշոտ են, քանի որ անկում է նկատվում։ 2024 թվականի առաջին չորս ամսվա տվյալներով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 24,3 %-ով: Մասնավորապես, Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 148 մլն (անկումը՝ 35,8 %), Ֆրանսիայի հետ՝ 42 մլն դոլար (անկումը՝ մոտ 17 %): ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նույնպես նվազել է միանգամից 39 %-ով՝ կազմելով մոտ 144 մլն դոլար: Արևմուտքը որոշակի գումարներ է տալիս Հայաստանին՝ տարբեր բարեփոխումների ու ծրագրերի իրականացման նպատակով, բայց այդ գումարները ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից խնդիր չեն լուծում։

Նույն ԵՄ-ն, որին անդամագրվելու ուղղությամբ այդքան ջանում են Հայաստանի արևմտամետները, չի ընդունում հայկական գյուղմթերքը և այլ ապրանքները: Եվ ընդհանրապես, ակնհայտ է, որ Արևմուտքին բացարձակ հետաքրքիր չէ մեր արտադրանքը: Գումարած՝ Արևմուտքում չկա հայկական ապրանքների արտահանման համար պարզեցված ու խրախուսող ընթացակարգ։ Իսկ երբ հաշվի ենք առնում, որ տնտեսությունն է նաև թելադրում քաղաքականություն, ապա պարզ է դառնում, թե որքան կարող են իրատեսական կամ տրամաբանական լինել ՀՀ իշխանությունների եվրոպական ձգտումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular