ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալ է Ադրբեջանին ընկալել որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից և աջակից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Dzen.ru-ն իր «Էրդողանը Ռուսաստանի համար անվտանգության գոտի՞ է կառուցում» վերնագրով հոդվածում գրում է, որ այս օրերին քաղաքական տելեգրամյան ալիքները լի են Հայաստանից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ ստեղծված իրավիճակի արձագանքներով: Բայց Մեծ Թուրանը Ռուսաստանի հարավային սահմաններում այն չէ, ինչ երազում են ռուս կառավարիչները, և ինչպե՞ս է դա տեղավորվում նոր բազմաբևեռ աշխարհի գաղափարի մեջ:

«Այն տարի, երբ սկսվեց հատուկ գործողությունը Ուկրաինայում, Բաքուն և Անկարան շտապեցին համաձայնագիր կնքել ռազմական համագործակցության մասին։ Թուրք գեներալը դարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, և հենց այդ հանգամանքն է որոշում, թե Բաքուն ում է համարում ռազմավարական գործընկեր։ Սխալ է Ադրբեջանին ընկալել որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից և աջակից՝ Անդրկովկասում Թուրքիայի հետ սերտ համագործակցության պատճառով, քանի որ վերջինս իր վատ թաքցրած ռուսաֆոբիայով ՆԱՏՕ-ի մասնաճյուղն է Անդրկովկասում»,- գրել է Ռուս-սլավոնական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բուրենկովն իր «Ռուսաստանը Եվրոպա չէ» տելեգրամյան ալիքում:

Քաղաքագետը նաև կարծում է, որ Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար դառնում է դեպի արևելք դարպաս, և Ադրբեջանը բացում է այն, քանի որ վերջին տարիներին երկիրը վերածվել է Թուրքիայի ռազմական վասալի, իսկ վերջինիս հիմնական նպատակը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է։ «Հայաստանում մենք ուղղակի ականատես եղանք արևմտամետ ուժերի իշխանության գալուն։ Վրաստանն արդեն վաղուց մերը չէ և մոտ ապագայում, չնայած որոշակի դիմադրությանը, կարող է շարժվել դեպի Արևմուտք։ Հիմա ի՞նչ է ստացվել։ Մի՞թե այն, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը տվեց Ադրբեջանին, և ՆԱՏՕ-ն արդեն մեր հարավային սահմաններում է։ Ռուսաստանում ադրբեջանամետ լոբբիի ազդեցության տակ Հայաստանի նկատմամբ արհամարհանքը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք պաշտպանության առումով մեր կարևոր ռազմավարական կետը։ Եվ դա՝ ճիշտ այնպես, ինչպես նախկինում նման կերպ մեզ հաղթեցին Ուկրաինայում, քանի որ ռուսամետ ուժերի վրա աշխատանք չտարվեց»,բացատրել է քաղաքական դիտորդ Վլադիմիր Խոմյակովը։

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը պետք է փորձեր թույլ չտալ, որ Փաշինյանը լինի իշխանության, և «հենց այդ պատճառով կորցրինք Ղարաբաղը՝ մեր հարավային հենակետը», իսկ հիմա Հայաստանն իր տարածք կհրավիրի ՆԱՏՕ-ին, քանի որ դա «միակ հնարավորությունն է իր՝ ջրի երեսին մնալու համար, չէ՞ որ Ալիևն արդեն հայտարարել է, որ Երևանը հին ադրբեջանական հող է»։

«Թուրքերը մեզ նման կայսերական ազգ են: Նրանք ոչինչ չեն մոռանում։ Նրանց համար Անդրկովկասը կորցնելը նույնն է, ինչ ԱՄՆ-ի համար Լատինական Ամերիկան՝ իր հետնաբակը»,- ավելացրել է Վլադիմիր Խոմյակովը։

Հարց.- Հիմա ինչպիսի՞ն պետք է լինեն մեր գործողությունները։

Վլադիմիր Խոմյակով. - Առաջին հերթին՝ աշխատել «փափուկ ուժի» հետ։ Պետք է սկսել իրավիճակը ներսից պայթեցնել։ Ահա, թե ինչ են անում օտարերկրացիները մեզ հետ անընդհատ։ Մենք ունենք լծակներ: Ռուսաստանում ապրում է 1,5 միլիոն ադրբեջանցի, և նրանք շատ հարուստ մարդիկ են: Կարևոր ասպեկտ է Իրանի հետ հնարավորինս սերտ հարաբերություններ հաստատելը, քանի որ նա է թուրքերի միակ հակակշիռը տարածաշրջանում։ Անհրաժեշտ է Իրանի հետ կնքել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ ռազմաքաղաքական համաձայնագիր Վարշավայի պայմանագրի օրինակով։ Արևմուտքում հենց դրանից են վախենում՝ Մոսկվայի և Թեհրանի դաշինքից։ Եվ այդ մասին ասված է ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs ամսագրի՝ «Պուտինի թաքնված խաղը Հարավային Կովկասում» վերտառությամբ հոդվածում։ Նշվում է, որ Պուտինն օգտագործում է Ալիևի հետ իր վաղեմի ծանոթությունը և փորձում է վերականգնել Ռուսաստանի ցամաքային մուտքը դեպի Իրան, Մոսկվան փորձում է ուղիղ երկաթուղային կապ ստանալ դեպի Թեհրան, որը զենքի կարևոր մատակարար է դարձել Ուկրաինայում կռվող ռուսական զորքերի համար: Թեև հոդվածում Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումը անվանել են Ռուսաստանի թուլության նշան, սակայն պարզաբանել են, որ թուլության նշան կարելի է անվանել նաև Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջվելն ու վրաց հանրության զանգվածային դիմադրությունը, բայց եթե Ռուսաստանը տարածաշրջանում ավելի թույլ է թվում, դա չի նշանակում, որ Արևմուտքն ավելի ուժեղ է:

Հարց.- Եվ ի՞նչ եզրակացություն դրանից:

Վլադիմիր Խոմյակով.- Կա մեկ պահ. Ռուսաստանից Իրան միջանցքն անցնում է Հայաստանի տարածքի հարավային հատվածով, իսկ Հայաստանն ամբողջությամբ կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Դա Պուտինի հաղթաթուղթն է: Այսինքն, Երևանն առանց ռուսական գազի ոչ մի տեղ էլ չի գնա, բայց դրա դիմաց ճանապարհ կտա դեպի Իրան։ Իսկ եթե չտա, ուրեմն... Ադրբեջանը չի հրաժարվի «նախնյաց հողերի» նկատմամբ իր հավակնություններից։ Բացի այդ, հունիսի 4-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին, և այդ հարցը կքննարկվի երկրների արտգործնախարարությունների մակարդակով Ռուսաստանում կայանալիք հանդիպման ժամանակ։ Իհարկե, կարելի է ասել, որ Էրդողանին վստահելը այն ամենից հետո, ինչ եղել է, նշանակում է ինքն իրեն չհարգել։ Բայց եթե մեկը երես է թեքում քեզնից, իսկ մյուսը ընկերություն է առաջարկում, ապա ընտրությունն ակնհայտ է։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը վաղուց է հասկացել, որ ինքը Արևմուտքին պետք չէ, իսկ Ռուսաստանի հետ բարեկամ լինելը բոլոր առումներով է ձեռնտու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular