ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը երբեք նեղություն չի տվել մեզ որևէ մի հարցում: Փոքր տարիքում լինում է, չէ՞, որ երեխաները կոշիկները հակառակ են հագնում, նա անգամ դա չէր անում, կոշիկները ճիշտ էր հագնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արամի մայրիկը:

Հենց նա է որդու նկարելու ջիղը բացահայտողը դարձել. «Մանկուց փոքրիկ թղթերի վրա նկարում էր, հետո ալբոմների մեջ մատիտներով սկսեց նկարել: Հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է: Իր պատկերացումներով նկարում էր փիղ, գայլ, արջ: Նկարների վերևում նշում էի, թե ինքն ինչ է նկարել, որոշ ժամանակ հետո հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է, ի՞նչ ես նկարել: Նույն պատասխանն էր տալիս: Այդ ժամանակ գրել-կարդալ չգիտեր: Առաջին դասարանը հաճախեց հանրակրթական դպրոց, իսկ երկրորդ դասարանից՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Շատ ինքնուրույն էր, միայն տառերը սովորելիս եմ իր կողքին նստել: Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը»:

Կրթահամալիրն ավարտելուց հետո Արամն անվճար հիմունքներով ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Այդ պատճառով 21 տարեկանում է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Արամը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ էր, 3D մոդելավորող: Մայրիկն ասում է՝ պետք է Իտալիա մեկներ կրթությունը շարունակելու նպատակով. «Խնդրեցի իրեն դիմում գրել, տարկետում ստանալ կամ Երևանում ծառայել, զուգահեռաբար նաև հնարավորություն ունենալ մագիստրատուրայում սովորելու, այդքան սովորել էր, չէի ուզում, որ կրթությունը դադարներով լինի, բայց ինձ չլսեց՝ քո տղեն ոչ մեկից լավը չի, ոնց բոլորը, այնպես էլ ես: Իրեն ասում էի՝ բայց չէ՞ որ դու այդքան տարի չարչարվել ես, որ քո երազանքի երկրում սովորես: Որոշեց, որ պետք է ծառայի»: Նկարչությունը, գրաֆիկ դիզայնն Արամի երազանքի ոլորտներն էին:

«Շատ լավ գրաֆիկա էր անում, երեք գյուտ ունի, որոնցից երկուսն իր դիպլոմային աշխատանքներն են: Դրանք խնամքով պահպանում եմ: Ինքնուս սովորել էր ու լոգոներ էր նկարում: 15 տարեկանից գումար էր վաստակում: Միշտ ասում էր՝ բանակից զորացրվեմ, որ ձեզ համար իմ երազանքի տունը կառուցեմ, առաջինը ձեզ համար, հետո նոր իմ: Հիմա մենք ենք իրագործում իր գծագիրը: Երկու տուն ունենք, բայց մեր տղայի երազանքն իրականություն ենք դարձնում, համարյա թե այն ավարտին ենք հասցրել: Արամն այդ տանն իր սենյակն ունի, որտեղ իր նկարներն են լինելու: Մեր տան պատերին ամբողջությամբ իր նկարներն են: Ավելի վաղ տարիքում անգամ շենքի մուտքի պատերին էր նկարել, դրանց մասին էլ ենք հոգ տանում: Արամի զոհվելուց հետո ցուցահանդես կազմակերպվեց, որի ժամանակ ներկայացվեցին նրա աշխատանքները: Բացմանը ներկա էին մի քանի երկրի դեսպաններ: Մենք էլ դրանով ենք հպարտանում»: 2019 թ.-ի հուլիսի 4-ին Արամը զորակոչվում է բանակ:

Վեց ամիս ծառայել է Արմավիրի հակատանկային գումարտակում, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու): Տանկի հրամանատար էր: Պատերազմի ժամանակ տղաների հետ այնտեղից տեղափոխվել են Ջրական: «Ավագ սերժանտի կոչում էր ստացել, զանգահարեց տուն, շատ ուրախ էր, անգամ գումար ուղարկեցինք, որ տղաներով նշեն այդ առիթը: Իր ընկերները փաստում են, որ Արամս ավագ սերժանտ էր, բայց փաստաթղթերում նշել են կրտսեր սերժանտ: Դա այլևս որևէ բան չէր փոխելու իրենից հետո, անգամ սփոփանք չէր դառնալու, բայց քայլ էր, որը պաշտպանության նախարարությունը կարող էր անել, հատկապես, որ բոլորն են փաստում Արամի ավագ սերժանտի կոչում ստանալու փաստը»: Արմավիրի զորամասում ծառայելու ժամանակ Արամը գծագրեր է արել զորամասի համար: Մայրիկն ասում է՝ ծառայելու ժամանակ անգամ կրթվում էր և, առհասարակ, իր ժամանակը չէր ծախսում անմիտ բաների վրա, այն միշտ պետք է ճիշտ օգտագործեր: Տիկին Կարինեն որդու ծառայակից ընկերների հետ զրույցներն է մտաբերում:

«Արամս տարիքով բոլորից մեծ էր, տղաները պատմում են, որ Արամին քայլող հանրագիտարան են կոչել: Նշում են՝ այնքան խելացի էր, որ մենք իրենից անընդհատ ինչ-որ բան էինք սովորում: Երբ Արամի համար ինչ-որ բան էինք գնում, պարտադիր պետք է նաև գիրք գնեինք: Շատ էր սիրում կարդալ: Տղաներն ասում են, որ անգամ իրենց էր վարակել գրքի հանդեպ իր սիրով: Ծառայության ժամանակ իրեն միշտ գրքեր ենք ուղարկել, համազգեստ և, քանի որ հարթաթաթություն ուներ, հարմարավետ կոշիկներ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց: «Սեպտեմբերի 25-ին ուրախ առիթի էինք մասնակցում: Ամուսնուս զանգ եկավ, դուրս եկավ, սկսեց ուշանալ, ես էլ դուրս եկա: Ամուսինս գլուխը երկու ձեռքերի մեջ առած, նստած էր»: Արամը հայրիկին ասել էր՝ մամային չասես, բայց պատերազմ է լինելու, մենք Ջրականում ենք: Ու պատերազմ սկսվեց: «Ամուսինս Արամին ասում էր՝ ինձ մի զանգի, մամային զանգի, որ հանգիստ լինի: Ու այդպես դադարներով Արամս զանգահարում էր:

Հոկտեմբեր 2-ին զանգահարեց, ու այլևս իր ձայնը չեմ լսել: Արամս զոհվել է հոկտեմբերի 5-ին, «գտել» ենք հոկտեմբերի 11-ին: Անընդհատ իր զանգին էի սպասում, հոկտեմբերի 5-ի լուսադեմին սրտիս շրջանում շատ ուժեղ ծակոց զգացի, կարծես դանակով հարվածեին սրտիս»: Արամը Ջրականում է զոհվել, տղաները շրջափակման մեջ են հայտնվել: Քանի որ բոլորից ավագն է եղել, չի թողել մյուսներին թաքստոցից դուրս գալ, փորձել է ինքնուրույն հասկանալ, թե ինչ վիճակ է: «Լուսադեմին դուրս է եկել, դիպուկահարը նկատել է Արամիս»: Այս դեպքում ևս, ինչպես շատ այլ պատմությունների պարագայում, քրեական գործ է հարուցված, դատարանում տղաների ծնողները, ընտանիքի անդամները փորձում են ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ թե ինչպես են տղաները հայտնվել շրջափակման մեջ, ինչպես և ինչու են նրանց միայնակ թողել: Հարցերի պատասխանը կտա և արդարություն կհաստատի դատարանը, գուցե հենց այդպես էլ լինի:

Ամեն դեպքում տիկին Կարինեն, ինչպես և շատ ծնողներ, արդարության հաստատման հույսը չեն կորցնում: Վստահ են նաև, որ Աստված ամեն բան տեսնում է: Ու էլի Արամի մասին ենք զրույցը շարունակում. «Իր զոհվելուց հետո Արամի թղթերն էի նայում, դասավորում ու մի տետր գտա: Գրել էր՝ շուտով ես մահանալու եմ: Բառերով չեմ կարող նկարագրել, թե հետս ինչ կատարվեց: Արամը միշտ շտապում էր, օրը ժամ առ ժամ ծրագրում էր: Երբ իրեն հարցնում էի՝ ո՞ւր է շտապում, ասում էր՝ մա՛մ, ժամանակս քիչ է, պետք է հասցնեմ: Ասում էր նաև՝ մա՛մ, գիտե՞ս, ես անմահ եմ: Մենք լույս ենք կորցրել, մեր թաղամասում, դպրոցում ու ամենուր Արամին լուսավոր տղա են կոչել»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս երազ էր տեսել: Արամս ասել էր. «Մաման ինձ շատ է «նեղություն» տալիս, անընդհատ լացում է, չեմ ուզում, որ այդքան լացի, մամային ասա՝ ինձ ի՞նչ է եղել, նեղվում եմ իր շատ լացելուց ու ինձ այստեղ լավ չեմ զգում»: Աղջիկս էլ արձագանքել էր՝ ապեր, դու ասա, «ես ո՞նց ասեմ, դու գնա ու ասա»: Ու աղջիկս ինձ պատմեց իր երազների մասին: Դրանից հետո կարծես սթափվեցի: Մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու: Բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նայի ինձ ու խղճա: Չեմ անիծում, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար»:

Հ. Գ. - Սերժանտ Արամ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular