Հայաստանին տանում են Ուկրաինայի սցենարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների նման այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի է համարել Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։
Ըստ հաղորդագրության, Տեր-Մարգարյանը հայտարարել է. «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, ով մարտադաշտում պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը մշտապես աջակցելու են Բուչային ու ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։ Ստացվում է, որ Հայաստանը հերթական անգամ մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Այս իրավիճակը մեկնաբանել է Iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը:
«Հայաստանը նախաձեռնել է իրադարձությունների մի ամբողջ ընթացք ուկրաինական ուղղությամբ, ինչը տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, ապա Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարները մի քանի «ցուցադրական» հանդիպումներ էին անցկացրել։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել էր Կիև մասնակցելու առաջին տիկնանց գագաթնաժողովին, իսկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը բանակցություններ էր վարել Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Անցյալ հոկտեմբերին Իսպանիայի Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը զրուցել էր Վլադիմիր Զելենսկու հետ։ Բացի այդ, Երևանը մի քանի խմբաքանակ մարդասիրական օգնություն է ուղարկել «Նեզալեժնայա» Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Բայց, չնայած դրան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան գիտի Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, որ «մենք իսկապես տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, դա գաղտնիք չէ», և որ «մենք. համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք ճիշտ ենք»։ Բայց դա չի աշխատում, որովհետև խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ»,- նշել է Տարասովը։
«Երևանի հակառուսական հարձակումները սկսում են համակարգային բնույթ ստանալ: Հիշում եք, թե ինչպես էր Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել, որ չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազայի օգուտները, մեղադրանքներ էր հնչեցրել ռուս խաղաղապահների և ՀԱՊԿ-ի դեմ և պաշտպանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացումը» ,- նշել է փորձագետը։
«Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը միտումնավոր գնում է ավելի մեծ սրման Ռուսաստանի հետ, և որը մոտենում է իր զսպման սահմանին։ Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները բորբոքվում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք նպաստելով երկրում ԱՄՆ-ի և Եվրամիության շահերին գործում են սադրիչ կերպով: Բայց իրավիճակի պարադոքսն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանն արդեն ազգային պետականությունը կորցնելու պոտենցիալ սպառնալիքով շեղվում է ուկրաինական սցենարի, ինչը միանգամայն իրատեսական է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղվելուց հետո։ Բայց Ռուսաստանը այդ հանրապետության ամենամեծ ներդրողն է և առանցքային առևտրային գործընկերը, հենց Ռուսաստանում են ապրում բազմաթիվ էթնիկ հայեր։ Եթե երկկողմ հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա այդ երկու օղակները կսկսեն խզվել, և այն չի փոխարինվի Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով, որը կարող է միայն բանավոր հանդես գալ որպես հայկական պետականության երաշխավոր։ Այդ ընթացքում իրական է դառնում Անդրկովկասում ապակայունացման հեռանկարը։ Բայց Հայաստանում իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսել այս պահին անհնար է»,- եզրափակել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը