ԱՄՆ Պետդեպարտամենտի միսիոներները բնակեցնում են Երևանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-ին կայցելի Երեւան, հաղորդում են հայկական լրատվամիջոցները։ Նա կմասնակցի Հայաստան-ԱՄՆ համաժողովին, հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն արդեն այցելել է Հայաստան։ Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների նման հաճախակի այցելությունները Հայաստան, Iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մտորել այդ մասին։
«Առաջին բանը, որ աչքի է զարնում այդ առումով այն է, որ չնայած դիվանագիտական աստիճանի տարբերությանը, ամերիկացի էմիսարներին ընդունում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ հերթին նրանք հայտարարություններ են անում, որոնք ֆորմալ առումով վերազանցում են իրենց պաշտոնական լիազորությունները։ Այսպիսով, Պետքարտուղարության փոխղեկավար Օ'Բրայենը Հայաստանին առաջարկել է «ռազմավարական գործընկերություն» և շարունակել աշխատանքը պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ Վստահաբար Վերման ևս հանդես կգա նման ոճով մի քանի նոր առաջարկներով։ Ավելին, դրանք ներկայացված են «փաթեթով»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում ԱՄՆ միջնորդական ջանքերի վերաբերյալ քննարկումներով»,- նշել է Տարասովը։
Բացի այդ, Օ՛Բրայենի այցն ուղեկցվել է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա հարձակումների վերաբերյալ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությամբ։ Միգուցե՞ նման բան կուղեկցի նաև Երևան Վերմայի այցին, ենթադրել է քաղաքագետը։ «Պետդեպարտամենտի աշխատակիցների հայտնվելը Հայաստանում տեղի է ունենում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի շարժման հերթական սրման ժամանակ։ Ուստի նրանց հայտնվելն ընկալվում է որպես Հայաստանի իշխանությանը ԱՄՆ աջակցության դրսևորում։ Ի վերջո ամերիկյան բոլոր հայտարարությունները, ներառյալ «ռազմավարական գործընկերության» մասին հայտարարությունը, գոնե առայժմ զուտ խորհրդանշական են, մինչդեռ Փաշինյանը փորձում է այնպես անել, որ Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ը հանդես գա որպես «Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր», և որ Ադրբեջանի կողմից նման կարգավիճակն ընդունվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Տարասովը։
«Բաքուն կարող է ընդունել առաջարկվող սխեման, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի իր պայմաններով: Բայց Փաշինյանը դեռ նման ցանկություն չունի, իսկ ԱՄՆ-ը չի կարողանում կազմակերպել ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։ Միևնույն ժամանակ, Բաքվի և Բրյուսելի հարաբերություններում նկատվում են բարդությունների նշաններ ԵՄ-ի հետ Հայաստանի ցուցադրական մերձեցման ֆոնին, մասնավորապես Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը։ Արդյունքում, ըստ փորձագետների, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, Հայաստանը, մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում և գտնվելով նրա հետ նույն դաշինքների մեջ, նախընտրում է քաղաքական և այլ հարաբերություններ զարգացնել ոչ թե Մոսկվայի, այլ նրա հակառակորդների հետ։ Բաքուն, ընդհակառակը, հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը։ Այդ իսկ պատճառով, գնահատելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական շփումների աճող ինտենսիվությունը, տպավորություն է ստեղծվում, որ Երևանն իսկապես շտապելու է դեպի «արևմտյան բեկում»», - նշել է Տարասովը։
«Միգուցե՞ Հայաստանի ղեկավարության քաղաքական վերակողմնորոշումը դեպի Արևմուտք արդեն իսկ կատարված փաստ է։ Բայց կա աշխարհագրություն, և Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ առևտուր անել նույն ծավալներով, ինչ Ռուսաստանի հետ։ Բացի այդ, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, գազի հարցով ինչ-որ բան լուծել, քանի որ Ռուսաստանից հետո Ադրբեջանը նույնպես կարող է երես թեքել Հայաստանից։ Բայց մինչ այժմ Փաշինյանին, ինչպես և Ուկրաինայում Զելենսկուն, հաջողվում է միայն ներքին և արտաքին լսարանին ուղղված PR արշավներ կազմակերպել»,- եզրափակել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը