ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի կողմից խաղաղասեր երկրի իմիջ ստեղծելը քաղաքական մանիպուլյացիա է». այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը:

«Հայկական կողմը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ավելի լավ բացատրել, թե ինչու չի հարգել այս համաձայնագրերը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները, ինչպես նաև «օկուպացրել է ադրբեջանական տարածքները» (չակերտները՝ Tert.am)։ 

Անհեթեթ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների գրաված դիրքերը ներկայացնում է որպես իր գյուղերի չսահմանազատված տարածքները և Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի համար։

Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ծառայում են այս երկիրը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է «հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային» (չակերտները՝ Tert.am), կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս.  մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: 

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք», - ասված է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular