ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ինքն է կար ու ձև անելու մեր նոր քարտեզը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը Սյունիքում հայտարարել էր, թե հնարավոր է՝ սահմանազատման գործընթացում հանրաքվեի կարիք լինի, որովհետեւ «կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե հարյուր քառակուսի կմ մենք զիջենք, հարյուր էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։ 

Փաստորեն, Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված ՀՀ ինքնիշխան տարածքը Նիկոլի համար այլեւս «կարմիր գիծ» չէ։ Դա ինչ-որ գիծ է, որի գույնը պիտի ժողովուրդը որոշի, եւ ինչպես միշտ՝ մեղքը ժողովրդի վզին։ Իսկ ժողովուրդն ինչպե՞ս է որոշելու, այստեղ, ինչպես ասում են, no comment. երբեք չես իմանա՝ ի՞նչ կարող է փոխվել, կամ վերջին պահին ի՞նչ հրահանգներ կիջնեն, չէ՞ որ մենք ոչ մի կերպ չենք որոշում մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ոչ մի կերպ չենք որոշում մեր լինելիությունը։ Ինչպես կորոշեն թշնամիները, որ մեր իշխանությունների համար երբեք թշնամի չեն եղել, այլ լավագույն դեպքում` հակառակորդ։ 

Բայց, մեկ էլ տեսար Փաշինյանը, գիժ խաղալով, որոշեց, որ ոչ թե կարմիր գիծ է, որ անցնում են սահմաններն այլոց որոշումների հետեւանքով, այլ, ասենք, սեւի մեջ փաթեթավորված սպիտակ։ Եվ հետագայում ի՞նչ է սպասվում, սպասվում է, որ Փաշինյանը հարցազրույցների ժամանակ, տեսախցիկների առջեւ խոշոր պլանով պիտի գրպանից հանի Հայաստանի այլ քարտեզ։ Մյուս գրպանում էլ պետք է լինի մկրատ, որ հենց տեսախցիկների առաջ կտրտի քարտեզը, եւ կորոշի, թե որ կտորի վրա են ապրել հայերը, իրականում վիճարկելու վերաբերյալ բերելու է հազար ու մի պատճառ, որ մերն է, իսկ որ կտորի վրա թշնամին:

Բայց այդ մկրատը երկար չի մնալու Նիկոլի ձեռքը։ Ալիեւը քարտեզն իր ուզած տեղից է կտրելու` լավության կարգով մի 100 քկմ պիտի կտրի, բայց դա, այնուամենայնիվ, պիտի արվի հանրաքվեով, որ Նիկոլի տալու քաղաքականությունը վերջապես լեգիտիմ դառնա։ Իսկ ժողովո՞ւրդը․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր գոյությունն ընդամենը պատճառ է լինելու արդարացնելու ազգադավի ազգակործան քայլերը։ 

Իսկ ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում, երբ հանրաքվեի մասին խոսք լինի։ Դա նաեւ ժամանակ ձգելու պահ կլինի, որ իշխանության աթոռին նստելու պահն էլ երկարի։ Քարտեզի կտրտման արարողությունը լավ բան է, իհարկե, շատ ու շատ քաղաքական գլուխներ կասեն, քաղաքական դեմքերը կսկսեն հենց կտրտելու պահն օգտագործել, կրկին ի շահ իրենց անձի (հետագա) կարեւորության, կարեւորը մկրատը, որ կձեւի Հայաստանի ամբողջական տարածքը, ռուսական չլինի: Մի մասը կպնդի, որ «չէ, ամերիկյան արտադրությունն ամեն դեպքում փող բերող է, ջհադամին, որ հետո մեր հախից չեն գա, թող մկրատը, որ կկտրի ու կձեւի մեր քարտեզը, լինի ամերիկյան»։ 

Մի խոսքով, հաղթելու է մկրատը, մնում է մկրատի ծագումնաբանությունը հասկանալ։ Չստացվի, որ մկրատը ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան է, այլ Բաքվից ուղարկված։ Իսկ Նիկոլի անմեղության ապացույցը փարատելու է ինքը՝ ավանդաբար պնդելով, թե ամեն ինչ արվում է հենց սահմանները պահելու համար. «Եթե դավաճան եմ, ո՞նց եմ նայում ձեր աչքերին, իսկ ես նայում եմ ձեր աչքերին ու վստահ եմ, որ դուք հավատում եք իմ անկեղծությանը»

Արթուր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular