ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը զենք է առել, մենք հյուրանոցներ ու դղյակներ ենք կառուցել. հիմա Ալիևը հասել է Ջերմուկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում լավագույն հանգստյան գոտիներից մեկը, անխոս, Ջերմուկն է։ Ամռան տապին մյուս քաղաքների համեմատ այստեղ ջերմաստիճանն ավելի զով է, բացի այդ՝ առողջարանները, մաքուր օդը, սառնորակ ջրերն ու հյուրանոցային բարձրակարգ սպասարկումը զբոսաշրջիկներին կատարյալ հանգստի հնարավորություն են տալիս։ 

Պայմանները կան, բայց Ջերմուկում հանգստանալ ցանկացողների թիվն է նվազել։ 

«Ալիևը զենք է առել, մենք հյուրանոցներ ու դղյակներ ենք կառուցել։ Հիմա Ալիևը հասել է Ջերմուկ, իսկ մենք դա արձանագրում ենք։ Զենք պիտի գնեինք, ավելի ուժեղ բանակ կառուցեինք, որ հիմա չասեինք՝ խի՞ տուրիստ չի գալիս»,- MediaHub-ին պատմում է ջերմուկցի տղամարդը։

Զբոսաշրջիկները չեն գալիս, որովհետև անհանգստություն կա։ 2 տարուց ավելի է՝ ադրբեջանցիները դիմահայաց բարձունքներից դիտարկում են առողջարանային քաղաքի անցուդարձը։ 

«Նախկինում տարվա այս սեզոնին հյուրանոցները մեղվի փեթակի նման էին, մի խումբը գնում էր, մյուս խմբերին էին դիմավորում։ Տեսեք քանի հյուրանոցային տնտեսություն կա, էն ժամանակ ազատ տեղ չկար, հիմա դատարկություն է»,- ասում է նա։

Ջերմուկցիները երբեք չեն մոռանա 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը։ «Առաջին անգամն էր, վախեցել էինք»,- ասում է մեր զրուցակիցը, նշում, որ հրադադարից հետո էլ, սակայն, նախընտրել է մնալ։

«Հիմա էլ ենք ահով, վախով ապրում, օրով ենք ապրում։ Ի՞նչ անենք։ Ուզում ենք՝ Հայաստանը լավ առաջնորդ ունենա, մտածի ժողովրդի անվտանգության մասին, որ թուրքերին հետ քաշի Հայաստանի տարածքից,  հանգիստ ապրենք։ Ով ուզում է լինի, կարևորը ժողովրդի մասին մտածող լինի»,- հարցումների ժամանակ ասում են տեղացի կանայք։ 

Օտարերկրացիները Հայաստանի ամենագրավիչ քաղաքներից մեկը որքան հետաքրքիր են համարում, նույնքան վտանգի ռիսկեր են տեսնում։ Դա է պատճառը, որ հիմա Ջերմուկում ներքին տուրիզմի փաթեթներն են ավելի շատ իրացվում։ 

«Մենք եկել ենք սահմանամերձ Ճամբարակից։ Ուսուցչուհի եմ, շրջանավարտներին եմ բերել։ Իհարկե, անհանգստանում ենք, բայց ոչ թե այս պահին, որ Ջերմուկում ենք, այլ մի՛շտ, որովհետև Հայաստանում հիմա անվտանգ տեղ չկա»։ 

Ջերմուկում առևտրի կրպակները լիքն են վայոցձորյան բարիքներով, փոխարենը իրացման խնդիր ունեն։ «Ամեն ինչ ունենք, բուժիչ խոտաբույսերից սկսած մինչև տնական մեղր, դոշաբ, ավելուկ ու տնային պայմաններում պատրաստված խմիչքներ, բայց շարժ չկա»,- ասում են կրպակների աշխատակիցները։ 

Ադրբեջանական զինուժի ներխուժումների հետևանքով նախորդ տարիների համեմատ՝ տուրիստական հոսքերը նվազել են մոտ 60 տոկոսով, օտարերկրացիները նախընտրում են Երևանն ու հարակից տեսարժան վայրերը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular