ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. Արշակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հետագա զարգացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաև մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:

Հայաստանը և Չինաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ակտիվ մասնակիցներ են և համագործակցում են նաև այդ ձևաչափով: Հայաստանն իր մասնակցությունն է ունենում Ասիայում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի ստեղծման գործում և պատրաստ է ակտիվ համագործակցել չինական կողմի հետ մշակութային հուշարձանների պահպանության հարցում:

Երկուստեք շեշտվել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը, որի ծավալները հետևողականորեն զարգանում են մեծ տեմպերով: 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությունը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, որը ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է և լավագույնս կարող է շաղկապվել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ: Հայկական կողմը հետաքրքրված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի մասնակցությամբ նախագծերով:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն:

Հանդիպմանը կարևորվել են համագործակցության լայն շրջանակի պահպանումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular