ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանության ամեն օրն է վտանգ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օրը վտանգ է Հայաստանի և նրա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝  Lenta.ru-ի հետ զրույցում: Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարին միշտ է ոգեշնչել դեպի Արևմուտք դիմելու գաղափարը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է փուչիկ և հայտարարել, որ պատրաստվում է լքել այն: Ըստ Զատուլինի՝ նման հայտարարությունը Ռուսաստանի համար չպետք է անսպասելի բան լիներ, քանի որ այդ քաղաքական գործիչը 2022 թվականից է բացահայտորեն հետևում այդ կուրսին։ «Իրականում, ինչպես կարելի է հասկանալ, իշխանության գալու պահից է նրան ոգեշնչել դեպի Արևմուտք դիմելու գաղափարը, թեև հանգամանքների բերումով նա ստիպված է եղել քողարկել դա որոշ ժամանակ։ Բայց մարդիկ, ովքեր իրոք ծանոթ են պարոն Փաշինյանին և նրա կյանքին, լավ գիտեն, որ նա միշտ է դեմ արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերություններին,եղել է կողմ Գյումրիից ռուսական բազան դուրս բերելուն, ՀԱՊԿ-ից դուրս գալուն և, ընդհանրապես, հայ ժողովրդի գիտակցությունը վերափոխելուն»,- ասել է պատգամավորը։

«Այսինքն այս դեպքում մենք կանգնած ենք մի մարդու ամբողջական տեսլականի առաջ, ով թշնամի է ռուս-հայկական հարաբերությունների անցյալին և թշնամի է այդ հարաբերությունների ապագային»,- արձանագրել է Զատուլինը։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունը տեղավորվում է ընդհանուր գծի մեջ, շարունակել է նա՝ մատնանշելով, որ արդեն իսկ Հայաստանից եղել է կազմակերպության ֆինանսավորման կասեցում, բացի այդ, աստիճանաբար վերացվում է ռուս սահմանապահների ներկայությունը երկրում։

Նույն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Երևանում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, բացատրել է Զատուլինը։ «Ինձ թվում է, որ պետք չէ գնալ գուշակի մոտ կամ լրացուցիչ հետազոտություններ անել հասկանալու համար, որ պարոն Փաշինյանի իշխանության ամեն օրն այսօր վտանգավոր է ոչ միայն Հայաստանի հետ մեր հարաբերությունների ապագայի, այլ նաև ընդհանրապես Հայաստանի համար»,- ասել է նա:

Ըստ Lenta.ru-ի զրուցակցի՝ Փաշինյանը իրեն լկտի է պահում՝ կարծելով, որ Արևմուտքի հետ առճակատման մեջ ներգրավված Ռուսաստանը դրան ոչինչ չի կարող հակադրել։  «Օրինակ, Երևանի կենտրոնում բողոքի ցույցը ճնշելու համար Հայաստանում ոստիկանները կիրառում էին խլացուցիչ նռնակներ և ամենատարբեր այլ մեթոդներ։ Կուզենայի հարցնել. մինչև ե՞րբ չենք նկատելու այդ ամենը։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ ինչ-որ մեկին գահընկեց ենք անում կամ ինչ-որ մեկին նշանակում ենք, այլ խոսքը ժողովրդավարական նորմերի տարրական հարգանքի մասին է»,- հարց է հնչեցրել պատգամավորը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular