ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում դետեկտիվ ժանրի հետապնդումից

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային:

Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, ով նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետև տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: 

Երեկ՝ Արին Բերդի և Մանթաշյան փողոցներում ՀԿԳ ավագ քննիչ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ իրականացվեց դեպքի վայրի զննություն, որին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արտակ Մխոյանը, Վահե Ստեփանյանը, իսկ մինչ քննչական խմբի դեպքի վայր ժամանելը՝ տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արտակ Սարգսյանն ու Աշոտ Մինասյանը: Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը: Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։ Պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել էին մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց էր արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։ Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։  Նշված վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել էր վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանն ու նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել նաև վթարված «Opel»-ի վարորդին։

Տարածքը սահմանազատել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հավանաբար սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել Մանթաշյան 41 հասցեում գործող խմորեղենի արտադրամասի աշխատակիցները։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular