ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չէր ուզում, բայց օգնեց. Ադրբեջանը Ռուսաստանի «օգտին է խաղացել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ադրբեջանը մի շարք գործողություններ է կատարել, որոնք օգուտ են բերել Ռուսաստանին և նրա արտաքին քաղաքականությանը։ Քանի որ այն դեպքերը, երբ մի երկիր ակամա օգնում է մեկ այլ երկրի, այնքան էլ հաճախակի չեն, առավել հետաքրքիր է տեսնել, թե ինչպե՞ս է պաշտոնական Բաքվին հաջողվել բարելավել Ռուսաստանի միջազգային դիրքը, գրում է eadaily.com-ը։

Ամենակարևոր գործողությունը, որը նպաստեց Ռուսաստանի դիրքերի բարելավմանը, հունիսի 12-ին Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման ավարտն էր։ Ինչու՞ կարելի է խաղաղապահների դուրսբերումը, որը սկսվել էր ապրիլի երկրորդ կեսին, Բաքվի և Մոսկվայի միջև պայմանավորվածության արդյունքում, համարել այնպիսի գործողություն, որն օգնել է բարելավել Ռուսաստանի վիճակը։ Այդ հարցի պատասխանը պահանջում է մանրամասն բացատրություն: Սկսենք նրանից, որ Ռուսաստանը միջնորդ էր, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության մասնակից։

Ղարաբաղի շուրջ հակամարտությունը մի կողմից ներառում էր Հայաստանն ու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), մյուս կողմից Ադրբեջանը։ Հենց Հայաստանն էր, դե յուրե և դե ֆակտո ԼՂՀ անվտանգության և գոյության երաշխավորը, որի քաղաքացիներն ունեին ՀՀ քաղաքացիություն և օգտվում էին հայկական դրամից։ Նիկոլ Փաշինյանի օրոք ԼՂՀ-ի նկատմամբ պաշտոնական Երևանի դիրքորոշման փոփոխությունն այն խնդիրն է, որը պետք է մտահոգի Հայաստանին ու հայկական սփյուռքին, այլ ոչ թե Ռուսաստանին։ Ի հակառակ թե՛ Երևանից, թե՛ Բաքվից տարածվող շահարկումների և խոսակցությունների, Ռուսաստանի պետականաստեղծ ժողովուրդը (ռուսները) կարող է խաղաղ ապրել առանց Շուշայի ու Խանքենդիի (նախկին Ստեփանակերտի) վրա վերահսկողության, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների ու հայերի մասին:

Ըստ այդմ, խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը ձեռնտու էր Ռուսաստանին։ Շարունակվող հատուկ ռազմական գործողության և ՆԱՏՕ-ի ակտիվության համատեքստում Ադրբեջանում տեղակայված խաղաղապահները, ամենայն հավանականությամբ, օգտակար կլինեն հենց Ռուսաստանին։ Մոսկվայի հետ պայմանավորվելով նրանց վաղաժամկետ դուրսբերման մասին Բաքուն ակամա ազատեց ռուսների ձեռքերը:

Խաղաղապահների դուրսբերումը ևս մեկ առավելություն ունի: Ղարաբաղյան հակամարտությունը և ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում բարդացրել էին Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Բաքուն չէր թաքցնում իր անհամաձայնությունը Մոսկվայի դիրքորոշման հետ, որը փորձում էր գտնել ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում, որը կբավարարեր թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերին։ Ադրբեջանն այս տարիների ընթացքում համառորեն շարժվում էր դեպի հակամարտության լուծում, որով վերահսկողություն ձեռք կբերեր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքի վրա։ Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը կապված էր Ռուսաստանին Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական առճակատման մեջ ներքաշվելու ռիսկի հետ, որում շահագրգռված էին միայն Ռուսաստանի ամենավատ թշնամիներն ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության:

Խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը վերացրեց Մոսկվայի և Բաքվի միջև բուն ռազմական բախման հնարավորությունը։ Ավելին, այս պահին Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ավելի լավն են, քան հարևան Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները։ Պաշտոնական Բաքվի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանն իր հարավային սահմաններին ունի մի հարևան, որի հետ ռազմական բախումների պատճառ չկա, բացի դա նա նաև տնտեսական գործընկեր է, ով շահագրգռված է ռազմավարական նշանակություն «Հյուսիս- Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման:

Տարօրինակ է, բայց Ադրբեջանը վերջերս ակամայից օգնել է Ռուսաստանին այլ ուղղությամբ: Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր TURKPA-ի (Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի) պատվիրակությանը։ Նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ասամբլեայի նախագահ Զորլու Թորեն էր ժամանել Բաքու, որի ելույթին Ալիևի արձագանքի մի մասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում. «Դուք գիտեք, որ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատել և ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրել, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ստանա դիտորդի կարգավիճակ Թյուրքական պետությունների կազմակերպությունում, և ես շատ ուրախ եմ, որ առաջին քայլն արդեն արված է։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության լիիրավ անդամ դառնալուն, մենք սատարում ենք դրան։ Դա բնական կլինի։ Պատմական տեսակետից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը թյուրքական աշխարհի մի մասն է։ Այնտեղ ապրող թուրքերը մեր եղբայրներն են։ Ադրբեջանի քաղաքականությունն այդ հարցում միշտ եղել է միանշանակ»։

Նշենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը մի շարք քայլեր է ձեռնարկել ուղղված ՀԿԹՀ-ի հետ մերձեցմանը, որի անկախությունը պաշտոնապես ճանաչել է միայն Թուրքիան։ Թուրքիայի, Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի իշխող կուսակցությունների միջև արդեն կա համագործակցության ձևաչափ, իսկ Ադրբեջանի խորհրդարանում հայտնվել է ՀԿԹՀ-ի հետ հարաբերությունների աշխատանքային խումբ։ Փաստորեն, Ադրբեջանը լիովին աջակցում է կիպրոսցի թուրքերին և ակնհայտորեն չի ցանկանում, որ կիպրահույները կիպրական հակամարտությունն ուժով լուծեն հօգուտ իրենց։ Ընդ որում Ադրբեջանն այնքան էլ ամաչկոտ չէ ՀԿԹՀ-ին բացահայտ աջակցություն ցույց տալու հարցում:

Կարծես թե, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը Կիպրոսի հետ, եթե չհաշվենք այն, որ Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ճանաչել է «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուց» հերձվածներին, իսկ երկրի կառավարությունը սկսել է վարել հակառուսական պատժամիջոցների ռեժիմն ուշադիր հետևելու քաղաքականություն։

Քանի որ Կիպրոսը դարձել է անբարյացակամ երկիր, նրա թուլացումը ձեռնտու է Ռուսաստանին։ Կիպրոսի մասնատված իրավիճակի օրինականացումն այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի կողմից, լավագույն տարբերակն է, ընդ որում Ռուսաստանն անգամ կարիք չունի ներքաշվելու այս հակամարտության մեջ։ Բացի այդ, ՀԿԹՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը հաջողությամբ կոտրում է այն կարծրատիպը, ըստ որի տարածքային հակամարտությունների մեջ հայտնված հետխորհրդային երկրները չեն աջակցի անջատողականությանն այլ երկրներում։ Ղարաբաղյան հակամարտությունում հաղթած Ադրբեջանը հաջողությամբ կոտրում է այդ կարծրատիպը զարգացնելով համագործակցությունը կիպրոսցի թուրքերի հետ։

Եվ վերջապես, պաշտոնական Բաքվի գործողությունները վկայում են այն մասին, որ ժամանակակից աշխարհում, տարբեր հակամարտություններում, միջազգային իրավունքը տարբեր կերպ է մեկնաբանվում ելնելով սեփական շահերից։ Այսպիսով, Ադրբեջանը դե ֆակտո պաշտպանում է պաշտոնական Անկարայի տեսակետը, ըստ որի 1974 թվականին թուրքական բանակի ներխուժումը փրկեց կիպրոսցի թուրքերին էթնիկ զտումներից։ Այստեղից էլ Ալիևի հայտարարությունը Հյուսիսային Կիպրոսի որպես պատմականորեն թյուրքական հողի մասին և «եղբայրներ» բառի օգտագործումը կիպրոսցի թուրքերի նկատմամբ։ Սակայն, երբ հունիսի 9-ին Հարավային Օսիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց դրանք: Այսինքն Բաքուն ունի տրամագծորեն հակառակ մոտեցումներ  կիպրոսցի թուրքերի և Ռուսաստանի մաս դառնալու ձգտող հարավօսականների նկատմամբ։

Մոտեցումների նույն տարբերությունն է նաև Հատուկ ռազմական գործողության դեպքում։ Հունիսի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում, որտեղ, ի թիվս այլ բաների, հայտարարել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: Իհարկե, Ռուսաստանը պաշտոնական Բաքվից շատ բան չի էլ սպասում։ Ի վերջո, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, Ադրբեջանը չի հրաժարվել Ռուսաստանի հետ պրագմատիկ տնտեսական համագործակցությունից, որի մի մասն է կազմում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular