Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է ․
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելը (2018թ. հուլիս) ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ICARE): Նրան հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանը, բայց փաստացի ղեկավարումն իրականացվել է Ուռուտյանի կողմից: ICARE հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 2021 թ. կազմել է 769 միլիոն, 2022թ.` 1,3 միլիարդ, իսկ 2023թ.` 836 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2018թ. կազմել է ընդամենը 260 միլիոն դրամ: Հիմնադրամը 2018-2023թթ. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարբեր հասցեներում ձեռք է բերել 50 կտոր բնակելի նշանակության հողակտոր, որից 44-ը` 2022թ. փետրվար ամսին:
Ըստ հիմնադրամի, դրանց ձեռքբերման նպատակը գյուղատնտեսության ոլորտում կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնելու նպատակով ուսումնափորձնական տնտեսության հիմնումն է: Թե ինչպես են տարբեր հասցեներում գտնվող հողամասերն օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով, կամ որքանով է բնակարանաշինությունը համընկնում ICARE-ի կանոնադրական նպատակների ու խնդիրների հետ, դա այլ հարց է, սակայն, դիցուք, Պռոշյան համայնքում բնակելի նշանակությամբ հողամասերի միջին արժեքը տատանվում է 50 հազար դոլարի սահմաններում:
Ուշագրավ է, որ չնայած երբ Ագրարային համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, համալսարանից վերցրել կամ օտարել են բազմաթիվ շենքեր ու շինություններ (1.6 միլիարդ դրամի), սակայն համալսարանի ֆինանսական միջոցները նվազել են մի քանի անգամ, փոխարենը նույն ժամանակահատվածում նախկինում իր ղեկավարած հիմնադրամը ձեռք է բերել հսկայական հողակտորներ ու բազմապատկել ֆինանսական միջոցները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 07․ 24 թ համարում։