ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կիրականացնի՞ ագրարային համալսարանում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Հայաստանի ագրարային համալսարանում նոր աղմկոտ պատմություն է բացահայտվել։ Բուհի տարեկան հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհի ղեկավարությունն օրենքով նախատեսված նպաստները չի տրամադրում վճարովի համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ավելի ճիշտ՝ թերի է տրամադրում։ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը։ Մինչդեռ ագրարայինի հաշվետվությունից պարզ է դարձել, որ բուհն օրենքով սահմանված այդ պարտավորությունը կատարել է կիսով չափ։ 2023թ. վարձավճարի զեղչ է տրամադրել համալսարանի եւ մասնաճյուղերի 139 ուսանողների՝ այն պարագայում, որ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 2 հազար 939 է եղել, որից 2 հազար 500-ը վճարովի համակարգում է սովորում, այսինքն՝ առնվազն 250 ուսանողի պետք է փոխհատուցեր։ Կա՛մ բուհի ղեկավարությունն ուռճացրել է ուսանողների թիվը, կա՛մ չի կատարել օրենքի պահանջը։
Համալսարանի մասնագետների փոխանցմամբ՝ հաշվարկները ցույց են տվել, որ զեղչեր տրամադրելիս չի պահպանվել նաեւ օրենքի պահանջը՝ վարձավճարներից գոյացած բյուջեի 7 տոկոսի մասով: Ի դեպ, 2019թ. համալսարանում զեղչ տրամադրվել է 1222 ուսանողի: Մեր տեղեկություններով՝ այս խնդիրը բուռն քննարկվում է ագրարայինում, եւ «վերեւներն» էլ տեղեկացված են` ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրություն իրականացնել համալսարանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 07․ 24 թ համարում։