ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններն ավելի ու ավելի շատ հավակնություններ են ներկայացնում Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռիգայում գտնվելով ասել է, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորություններն իր երկրի հանդեպ, ուստի Երևանը կգնա դեպի Եվրամիություն։ Այսպիսով, նա ամրապնդել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախօրեին արված այն հայտարարությունը, թե իբր Մոսկվան Լեռնային Ղարաբաղը վերցրել է ու հանձնել Ադրբեջանին, գրում է ng.ru-ն։

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը լայն հասարակական աջակցություն չի գտել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Բաքվում և Երևանում։

Այսպես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նրա խոսքերում տեսել է «ռևանշիզմի պատրանքների դրսևորում» Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության մեջ։ Միաժամանակ նա կոչ է արել հարևան հանրապետության իշխանություններին «վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը պատմական սխալները չկրկնելու համար»։

«Պատերազմում մենք կորցրել ենք 3 հազար զինվորական։ Ռուսաստանը Հայաստանից ոչինչ չի խլել, Ադրբեջանն է խլել նրա տարածքները»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2020 թվականին ադրբեջանական բանակը պատրաստ էր հետ գրավել ողջ Ղարաբաղը, այդ թվում նաև Ստեփանակերտը։ Մասնավորապես, հայկական զորքերի 15000-անոց խումբը հայտնվել էր ամբողջությամբ շրջապատված վիճակում, և միայն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդության շնորհիվ նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի շնորհիվ ադրբեջանցիները դադարեցրին հարձակումը, և խաղաղապահները մտան տարածաշրջան։

«Պատերազմում կրած պարտությունից հետևություններ անելու փոխարեն Հայաստանի իշխանությունները փորձում են մեղադրել Ռուսաստանին պատասխանատվությունից խուսափելու մեջ»,- եզրափակել է Շահինօղլուն։

Հայկական ԶԼՄ-ները ԱԽ քարտուղարի խոսքերում տեսել են հայկական պետականության կարգավիճակի իջեցում և սպառնալիք հանրապետության ապագայի համար:

 «Հայաստանը պատրաստվում է ստորագրել ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին վտարելու փաստաթուղթ, և կարելի է միայն կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Մոսկվայի հետագա քայլերն այդ գործընթացի հետ կապված»,- զգուշացրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն իրականում իր հայեցողությամբ էր տնօրինում Ղարաբաղը, իսկ Հայաստանն այն ժամանակ գտնվում էր ոչ թե Հարավային Կովկասում, այլ ինչ-որ տեղ Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայում։

«Բոլորս էլ լավ գիտենք, որ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այնուհետև, երբ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հայտարարեց, որ Երևանը չի օգնի Ստեփանակերտին։ Եվ դրա արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք»,- հիշեցրել է փորձագետը 2023 թվականի դեպքերը:

Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները փորձում են ԼՂ անկման մեղքն իրենցից բարդել Ռուսաստանի վրա:

«Պատասխանատվության մի մասը, բնականաբար, կրում է նաև Մոսկվան, քանի որ մարդիկ վերադարձել էին Ղարաբաղ հույսը դնելով իր խաղաղապահների վրա։ Բայց, ավաղ, այնպես ստացվեց, որ նրանք ստիպված լքեցին այդ տարածքը։ Մինչդեռ Հայաստանն է եղել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Հենց հայ կամավորներն են մասնակցել ղարաբաղյան բոլոր պատերազմներին, և հենց Հայաստանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ»,- պարզաբանել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular