ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարցազրույց Ձյունիկ Աղաջանյանի հետ. ՆԱՏՕ-ն փորձում է պայմաններ թելադրել Հարավային Կովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիդեռլանդներում և Ինդոնեզիայում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Անդրկովկասում և, մասնավորապես, Հայաստանում ընթացող զարգացումներին։

— Այսօր Անդրկովկասը հանդիսանում է կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Արդյո՞ք դրա արդյունքը կարող է լինել իրավիճակի փոխակերպումը տարածաշրջանում։

— Իրավիճակը տարածաշրջանում մրցակցությունից արդեն անցնում է առճակատման, և դրանում, ցավոք, Հայաստանն էական դեր ունի։ Շատերի համար արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը միտված է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը և այն տեղավորել արևմտյան ազդեցության հիմնական հոսքում։ Քաղաքական միաձուլումը տեղի է ունենում ԵՄ կառույցների միջոցով, ռազմականը ՆԱՏՕ-ի և այդ կազմակերպության անդամ երկրների միջոցով։ Այդ առումով առանձնահատուկ դեր է վերապահված Ֆրանսիային որպես ավանդաբար հայամետ երկրի, և ԱՄՆ-ին որպես վերահսկող երկրի։ Բնականաբար, նման զարգացումը չի կարող անհանգստություն չառաջացնել Ռուսաստանի և Իրանի մոտ։ Արևմտյան քաղաքական գործիչների նպատակն է Հարավային Կովկասը վերածել իրենց ենթարկվող տարածաշրջանի, որտեղ պետությունները հանդես կգան որպես հակառուսական և հակաիրանական հարթակ։ 

Հայաստանի ժողովուրդը դեմ է նման զարգացումներին հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում ի սկզբանե հայկական տարածքների՝ Արցախի և Տավուշի որոշ հատվածների կորստի գնով։ Կարծես թե Վրաստանն է գիտակցել  իր արևմտյան գործընկերների իրական մտադրությունները։ Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը թուրք մենթորների հետ միասին գործում է ըստ իր պլանի, արևմտյան երկրների ճնշման տակ փորձում է Հայաստանից ստանալ այն ամենը, ինչ մինչև վերջերս աներևակայելի էր, իսկ հետո «գցել» նրանց ուղղվելով դեպի իրանա-ռուսական ճամբար, և դիվիդենտներ ստանալ բոլոր կողմերից։

— Դատելով ամեն ինչից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերահսկվում է Վաշինգտոնի կողմից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, լոբբինգ է իրականացնում Անդրկովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծման համար։ Արդյո՞ք իրատեսական են Վաշինգտոնի նման ծրագրերը:

- Բոլոր գործընթացները եղել և շարունակվում են ընթանալ ամերիկյան ղեկավարության հովանու ներքո։ Ռուսաստանի և Իրանի կողմից շատ սուր արձագանք չառաջացնելու համար ձևացնում են, թե Երևանն ու Բաքուն առանց միջնորդների են բանակցում, բայց կուլիսներում ամերիկացիներն են գործում և միայն երբեմն են իրենց ցույց տալիս, երբ իրավիճակը փակուղի է մտնում։ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում ոչ թե նոր տարածաշրջանային համակարգ ստեղծել, այլ ամբողջ տարածաշրջանը դնել ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ։ Այդ առումով Հայաստանն էր խնդիր, քանի որ Վրաստանը վաղուց էր հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, իսկ Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ։ Դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, ինչն էլ անում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։

— Չնայած Մոսկվայի և Անկարայի ներկայիս ավելի քան սերտ հարաբերություններին, հայտնի է, որ նրանք աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ ունեն։ Որքա՞ն կարող է տևել ռուս-թուրքական «մարտավարական դաշինքը»:

— Շատ վերլուծաբաններ Մոսկվայի և Անկարայի ներկայիս հարաբերություններն անվանում են «իրավիճակային գործընկերություն»։ Ռուսաստանի համար Թուրքիան ևս մեկ լոգիստիկ ճանապարհ է, իսկ ստեղծված իրավիճակում անընդունելի է կորցնել որևէ կապ արտաքին աշխարհի հետ։ Դա պարզ է: Բայց «աշխարհ մտնելու» համար Ռուսաստանը, փաստորեն, կորցնում է և՛ հեղինակությունը, և՛ դիրքերը մեր տարածաշրջանում, և որի վերադարձը շատ դժվար կլինի։ Ցանկացած հայի համար, անշուշտ, անընդունելի է Արցախի կորուստը և Բաքվի կողմից  հայ բնակչության էթնիկ զտումները ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Դա շատ ցավալի էր և, ցավոք, կասկածի տակ է դնում ռազմավարական դաշնակցի հուսալիությունը։

Մինչդեռ Թուրքիան փորձում է առավելագույն տնտեսական օգուտ քաղել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից։ Սակայն չպետք է մոռանալ, որ Անկարան կարևոր դերակատար է անգլո-սաքսոնական նախագծում, որն ուղղված է ոչ միայն Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելուն, այլ նաև այնտեղ իր գերակայության հաստատմանը։ Եվ այս ամենի օպերատորը Թուրքիան է։ Որպես հարթակ ունենալով Հարավային Կովկասը, նա վարելու է Ռուսաստանն ու Իրանը մասնատելու քաղաքականություն հիմնվելով այսպես կոչված «թուրք եղբայրների» վրա։ Նման պլանները չեն չեղարկվել։ 

— Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի խնդրահարույց են դառնում։ Ի՞նչ եք կարծում, դա անշրջելի է դարձել։

— Գործընթացն անշրջելի չէ, բայց կպահանջվի լուրջ վերաիմաստավորում տարբեր պետությունների դերի և կարևորության հարցում։ Հայաստանում պետք է տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, որոնց միջոցով իշխանության կգան ուժեր, որոնք կառաջնորդվեն բացառապես մեր երկրի ազգային շահերով։ Իր հերթին, Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հիմնվելով հավասարության և առավել փոխշահավետ համագործակցության վրա։ «Բիզնես, ինչպես միշտ» կամ «ո՞ւր են գնալու» մոտեցումներն այլևս չեն աշխատում։ Պետք է հասկանալ, որ բոլոր երկրները, չնայած իրենց չափերին, տնտեսական կշռին և այլին, ունեն իրենց անփոխարինելի տեղը անվտանգության ընդհանուր ճարտարապետության և միջազգային հարաբերությունների կառուցման մեջ։

Եթե մեզ չհաջողվի փոխել իրավիճակը, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նույնը մնա, ապա երկրի անվտանգության և տնտեսության համար աղետալի զարգացումներից անհնար կլինի խուսափել։ Իսկ Հարավային Կովկասի ապակայունացումը վնասակար ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա։ Դա օգուտ կտա միայն արևմտյան կենտրոններին, ինչին էլ նրանք ձգտում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular