ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս». կամավոր Յուրիկ Սարգսյանն անմահացել է նոյեմբերի 6-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիկի մանկության տարիներն անցել են շատ անհոգ: Առույգ երեխա էր, աշխույժ, բայց ինչ-որ տեղ նաև համեստություն, ամոթխածություն ուներ: Իրեն ասում էի՝ Յուրա՛ ջան, ոնց որ դու աղջիկը լինես, Անին ու Արուսիկը՝ տղաները»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկության տարիներն է վերհիշում տիկին Կարինեն՝ Յուրիկի մայրիկը:

Տեղափոխվելով նրա դպրոցական տարիներ՝ ասում է՝ շատ ոգևորված է գնացել առաջին դասարան: «Սկսեց տառերը սովորել, շատ հետաքրքիր պատմություններ հուշ մնացին այդ օրերից: Շատ լավ եմ հիշում. դասագրքում տառ առ տառ կարդում էր կացին բառը, վերջում իրեն ասում էի՝ դե, Յուրի՛կ ջան, հիմա բառն ամբողջական ասա, արձագանքում էր՝ մա՛մ, տապոռ: Դպրոցում արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Երբ բառերը մոռանում էր, ասում էր՝ Հայաստան ասելիս ոտքերս թուլանում են: Իրեն ոնց հարմար էր, այնպես էր ասում: Հետո, իհարկե, տարիքի հետ սկսեց սովորել: Դպրոցում առաջադիմությամբ չէր փայլում, ոչ թե չէր կարողանում սովորել կամ չէր սիրում, այլ ծույլ էր, պարզապես չէր ուզում աշխատել: Ուսուցիչներին շատ էր սիրում, կգար տուն՝ պապա՛, պետք է դասասենյակը վերանորոգենք: Դպրոցում էլ, երբ նման խոսակցություն էր լինում, ասում էր՝ պապայիս կասեմ, տանը ունենք, կբերեմ, կվերանորոգենք: Աչքի էր ընկնում, վայելում էր իր ուսուցիչների սերն ու հարգանքը, մինչև հիմա էլ շատ մեծ ափսոսանքով ու սիրով են խոսում իր մասին: Իր առաջադիմությամբ չէր փայլում, բայց նաև չէր անտեսում դպրոցը, շրջապատը և ուսուցչական կոլեկտիվը»: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո Յուրիկը զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է Քարվաճառում:

«Ծառայության տարիները շատ լավ են անցել, ունի շնորհակալագրեր, օրինակելի զինվոր է եղել: Մեզ որևէ հարցում նեղություն տալ չի ցանկացել, եթե մենք ենք ցանկացել ինչ-որ բան իրեն ուղարկել, ընդդիմացել է՝ ես ամեն ինչ ունեմ: Շատ գոհ էր բանակային կյանքից, վստահաբար, նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի դժգոհել»: Զորացրվելուց հետո նա սկսել է աշխատել նախ՝ շինարարությունում, իսկ հետո՝ արհեստ սովորել, բնակարաններ էր վերանորոգում: «Աշխատանք ուներ, հոգում էր իր ընտանիքի մասին: Հետո արդեն նաև իր ընտանիքը կազմեց, երկու դուստր ունի: Շատ լավ հայր, ամուսին ու որդի էր: Յուրիկին ճանաչող յուրաքանչյուր մարդ իր մասին խոսելիս այս հատկանիշները կմատնանշի: Բայց երևի այս ամենից առավել իր մեջ գերակշռում էր սերը հայրենիքի հանդեպ: Եթե կանաչ խոտի վրայով երեխան անցներ, ասում էր՝ Սիլվի՛, Արմինե՛, խոտ է, ինչո՞ւ եք տրորում: Հայրենասեր էր, անգամ չափից շատ, երևի դա իմ «սխալ» դաստիարակությունից է, ես եմ իրեն այդպես դաստիարակել դեռ մանկությունից:

Երբեմն անգամ ինձ մեղադրում եմ դրա համար, բայց բան փոխել չեմ կարող»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Մեզ թվում էր, թե մի քանի օր կտևի, Ապրիլ յան պատերազմի նման, ոչ ոք չէր պատկերացնում, թե պատերազմն այսքան երկար է տևելու: Պատերազմի օրերն էին, ինձ աշխատանքի էր տանում, կանգնեց զինկոմիսարիատի բակում` մա՛մ, սպասի, հիմա գալիս եմ: Համարյա մի ժամ սպասեցի, զանգահարեցի իրեն՝ Յուրի՛կ, ուշանում եմ, արի ինձ աշխատանքի հասցրու: Ուրախ-ուրախ եկավ. «Կամավորագրվեցի, սպասում եմ, որ իմ հերթը գա, գնամ: Մենք ծառայած ենք, ամեն ինչ գիտենք, գնանք, որ երեխեքին մի բանով օգտակար լինենք»»: Հոկտեմբերի 22-ին Յուրիկը մեկնում է Արցախ: «Իրեն այդ ժամանակ տարան: Անընդհատ զանգահարում էր զինկոմիսարիատ, թե երբ է գնալու: Շատ ոգևորված գնաց: Իր վեց տարեկան աղջիկն ասաց՝ պա՛պ, մի գնա: «Սիլվի՛ ջան, որ ես չգնամ, ձեզ ո՞վ կպաշտպանի: Պապան պետք է գնա, կռվի, հաղթանակ բերի, որ դուք անհոգ մեծանաք»:

Էլ ի՞նչ իմանար, որ երեխաները ողջ կյանքում պետք է հոգսով մեծանան»: Յուրիկը զոհվել է նոյեմբերի 6-ին Շուշիում դիպուկահարի կրակոցից: «Ամենասկզբում իրենց տարել են Մարտունու Գիշի գյուղ, հետո տեղափոխել են Մոնթեաբերդ: Երբ զանգում էր, բնականաբար, տեղը հստակ չէր ասում, սկսում էր բացատրել, պատմել՝ մա՛մ, Մոնթե Մելքոնյանն առաջին համագումար նիստն այստեղ է անցկացրել, իր անունով գյուղ կա: Հետո անտառներում են եղել, երբ ֆոսֆորը սկսել են երկնքից թափել տղաների վրա, իրենք անտառներից դուրս են եկել: Իրենց խմբից միայն Յուրիկն է միացել երկրապահներին ու գնացել Շուշի: Տեսանյութերն ունենք»: Յուրիկը շուտ է տուն «վերադարձել»՝ հայրիկի ծննդյան օրը: «Զանգահարել էր քույրիկին՝ պապայի տորթը չկտրեք, անակնկալ գալու եմ: Նստեցինք ամբողջ գիշեր, ժամը 12-ն էլ անցավ, եռագույնի պատկերով տորթ էր, որին այդպես էլ մոտ չգնացի: Առավոտյան լուսադեմին պառկածս տեղից ճիչեր լսեցի: Արթնացա, աղջկաս ասացի՝ ոնց որ դիմացի շենքից երեխա կա զոհված, մաման գոռում էր: Ի՞նչ իմանայի, որ ամբողջ գիշեր հարևանները, բարեկամները մեր բակում հավաքված են եղել, գիտեին, որ դեպքը եղել է, իսկ մենք առավոտյան իմացանք»: Մայրիկն ասում է՝ երբ վերջին շրջանում տաքսի էր վարում, ծնողներին անվճար էին տանում Արցախ ու հետ բերում:

«Եթե Արցախը պետք է լիներ ուղղությունը, Յուրիկս պիտի լիներ վարորդը: Անգամ կատակում էր՝ ես իրենց գիդն եմ: Արցախի համար ուշքը գնում էր: Որ ասում են՝ հանուն Արցախի կյանքը կտար, նա հենց այդպես էլ վարվեց, հանուն Արցախի ամենաթանկը՝ կյանքը տվեց»: Տիկին Կարինեն հավելում է՝ հիմա կարևոր է տղաներին ապրեցնելը: «Երևանի 52 հիմնական դպրոցում տղաների փառքի անկյուն բացվեց: 44-օրյա պատերազմի ժամանակ Շենգավիթ համայնքը 16 զոհ է ունեցել: Զոհեր ենք ունեցել նաև նախորդ պատերազմների ժամանակ: Բակում հուշաքար ունենք տղաների նկարներով, դպրոցում դասասենյակներ անվանակոչվեցին նրանց անունով: Իրենց հիշատակը վառ պահելով, իրենց գործը շարունակելով՝ ապրում ենք: Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս: Մեր շենքի ճակատային մասում նրա խոսքերն են, որոնք միշտ կրկնում էր՝ ապրի՛ր հայրենիք, և ես կապրեմ քո մեջ: Միշտ ասում էր՝ որ հողը կանգուն լինի ոտքերիդ տակ, ուրեմն իմացիր, որ ապրում ես: Նույն ոգով իր երեխաներին էր դաստիարակում: Երբ իրեն ճանապարհելու օրն ասացի՝ Յո՛ւր, կլինի՞ չգնաս: «Մա՛մ, մյուս անգամ իմ մոտ հայրենասիրությունից չխոսես»: Միշտ ժպտում էր: Երբ տղաները եկել էին մարտի դաշտից, ասում էին՝ իր անունը դրել էինք Ժպիտ»:Իսկ հիմա ապրելու ուժ տալիս են Յուրայի երեխաները:

«Փոքրը հատկապես բնավորությամբ շատ նման է հայրիկին: Իր երեխաների մեջ եմ փնտրում իր դիմագծերը, անգամ մանկության հոտը զգում եմ երեխաներից: Նրանք են ինձ ուժ տալիս, որ կարողանամ ոտքի վրա կանգնել: Առաջնեկս էր, մարտ ամսվա ծնունդ էր, գարունն ուրախությունը լցրեց տունս, իսկ աշունը տերևաթափ արեց, կանաչ-կանաչ տարավ: Ո՞վ է տեսել տերևները կանաչ-կանաչ թափվեն ծառից: Երբ մենակ եմ, իր հետ զրուցում եմ, կարծես զգամ իր ներկայությունը, հարցեր եմ տալիս և ստանում եմ դրանց պատասխանները: Համարում եմ, որ նա տանն է, ինձ հետ»:

Հ. Գ. - Յուրիկ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular