Միջազգային խնդիրները, որոնց արդեն բախվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան, չի բացառվում, որ սկսեն ավելի սրվել հաջորդ տարիներին. Արտակ Զաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյնուամենայնիվ, միջազգային խնդիրները, որոնց արդեն բախվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան, չի բացառվում, որ սկսեն ավելի սրվել հաջորդ տարիներին: Ուկրաինայում հակամարտությունը կարծես թե մտել է փակուղի, և աճում է նաև ռուսական ճեղքման հեռանկարի շուրջ եվրոպական անհանգստությունները: Տարեվերջին Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը կարող է նոր իրավիճակ ստեղծել նաև ՆԱՏՕ-ի և միջազգային առևտրային համակարգի համար: Դա, իր հերթին, նոր մարտահրավերներ կարող է առաջ բերել Եվրոպայի կայուն զարգացման ու անվտանգության համար։
Տեսականորեն, Ֆրանսիային և Բրիտանիային սպառնացող այս ընդհանուր մարտահրավերների պատասխանն ինքնին հուշում է ավելի սերտ համագործակցություն և լայն եվրոպական դաշինքի ձգտում՝ նվազեցնելու համար մայրցամաքի խոցելիությունը: Իրականում, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Միացյալ Թագավորության քաղաքականության մեջ վերջին փոփոխությունները ավելի կբարդացնեն նման համագործակցությունը։ Եթե Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունն արտացոլի քաղաքական արմատականների առաջնահերթությունները, ապա դա հակասության կհանգեցնի Մեծ Բրիտանիայի նոր կառավարության տեսակետների հետ։ Ե՛վ ծայրահեղ ձախերը, և՛ ծայրահեղ աջերը Փարիզում շատ ավելի կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան Մակրոնի, կամ Սթարմերի կառավարությունները:
Սթարմերի լեյբորիստական կառավարության պատկերացումներն ավելի համահունչ են Գերմանիայի իշխող կոալիցիայի ներկայիս քաղաքականությանը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ: Եվ իսկապես, իր պաշտոնավարման երկրորդ օրը Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմիին Բեռլինում ընդունեցին ակնհայտ ջերմությամբ։
ՄԹ նորընտիր վարչապետ Սթարմերը և Լամմին ընդգծված եվրոպամետ հակումներ ունեն, թեև նրանք պետք է հաշվի առնեն այն փաստը, որ Բրիտանիան ԵՄ անդամ չէ, ինչը լեյբորիստական կառավարությունը խոստացել է չփոխել: Փոխարենը, նրանց նպատակն է համաձայնության գալ ԵՄ-ի հետ անվտանգության նոր պայմանագրի շուրջ, սակայն «անվտանգությունը» սահմանել հնարավորինս լայն իմաստով՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկան, կլիման, օգտակար հանածոները և այլն: Սա, իր հերթին, կլինի այն լծակը, որը դուռ կբացի ԵՄ-ի հետ ընդհանուր առմամբ ավելի մեծ համագործակցության համար՝ առանց շոշափելու ԵՄ միասնական շուկայում Մեծ Բրիտանիայի անդամակցության կամ մաքսային միության զգայուն հարցերը:
Թեև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ավելի սերտ համագործակցության վերաբերյալ լեյբորիստների գաղափարները ողջունվեցին Գերմանիայում, Լեհաստանում և Շվեդիայում, այնուամենայնիվ անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը՝ մնում է վճռորոշ: Սակայն Ֆրանսիան կարծես պատրաստվում է ավելի շատ կենտրոնանալ իր ներքին խնդիրների շուրջ, և կարող են երկար ամիսներ անցնել, մինչև նրա կառավարությունը կարողանա համարժեք արձագանքել համաեվրոպական խնդիրներին»: