ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում նոր սկանդա՞լ է հասունանում, թե՞ Ալիեւը նոր խաղ է սկսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում, ըստ ամենայնի, խոշոր սկանդալ է հասնունանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը կից գործող Հակամոնոպոլիստական վերահսկողության եւ սպառողական շուկայի տեսչությամբ զբաղվող ծառայության ղեկավար Մամեդ Աբասբեյլին հայտարարել է, որ Ադրբեջանում կա երեսուն բնական մոնոպոլիա, ինչը սպառնալիք է ադրբեջանական տնտեսության համար։ Նման աղմկոտ հայտարարությունը, այն էլ Ադրբեջանի նման բռնապետական երկրում, նույնիսկ ադրբեջանցի փորձագետների համար էր սենսացիա։

Ընդհանրապես, այդ երկրում նման թեմաները չեն քննարկվում, նման բաներ չեն բարձրաձայնում, եւ հատկապես նման թեմաները երբեք մամուլում չեն հայտնվում։ Հատկապես՝ նման հայտարարություն չի անում այն պաշտոնյան, ով թիվ մեկ պատասխանատուն է՝ մոնոպոլիաների դեմ պայքարի համար։ Ադրբեջանցիների համար զարմանալի է այն, որ, ըստ էության, դժգոհություն են արտահայտում ադրբեջանական իշխող վարչակարգի ստեղծած տնտեսական համակարգի դեմ։ Համակարգ, որտեղ տիրապետում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են AZAL-ն ու Azeriqaz-ը, որոնք հազար ու մի թելով կապված են իշխող վարչակարգի հետ։ Ըստ էության, ադրբեջանցի պաշտոնյան խախտում է ձեւավորված ավանդույթը՝ հարցը դարձնում հանրային քննարկման առարկա։ Ադրբեջանցի սյունակագիր Էլնուր Էմինօղլին ադրբեջանական պարբերականներից մեկում հրապարակած վերլուծականում հատկապես ուշադրություն է դարձնում Աբասբեյլիի օգտագործած մի տերմինի վրա․ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ այդ բնական մոնոպոլիաների մեջ կան այնպիսիք, որոնք պաշտպանում են պետության սոցիալ-հասարակական շահերը։ Էմինօղլին հատկապես զարմացած է նման տերմինաբանությունից՝ նշելով, որ սա քաղաքագիտության մեջ կարող է դառնալ բացասական իմաստով «նոր հայտնություն», քանի որ անհասկանալի է հենց այն, որ մոնոպոլիաների դեմ պայքարի կոչված մարմնի ղեկավարը հայտարարում է, որ մոնոպոլիաների մի մասը լավն են, մյուս մասը՝ ոչ։ Սակայն պարզվում է, որ հայտարարության մեջ էլի «զարմանահրաշ» կետեր կան։ Ըստ Աբասբեյլիի բացահայտման, Ադրբեջանում կան բնական մոնոպոլիաներ, որոնք չեն պատկանում պետությանը։ Այստեղ, ըստ վերլուծաբանների հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչպե՞ս են առաջացել դրանք, եւ ապա՝ ինչո՞ւ մինչեւ հիմա հակամոնոպոլիստական մարմինը պատկան այլ մարմինների հետ միասին դրանց հարցերը չի լուծել։

Այս ամենը, իհարկե հետաքրքիր է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում սահմանից այն կողմում։ Սակայն կարեւորն այստեղ նաեւ այլ բան է։ Զուտ ներադրբեջանական տեսակետներից բացի, կարեւոր է հասկանալ, թե նման թեմաների բարձրաձայնումը գրեթե ամբողջապես վերահսկվող մամուլ ունեցող երկրի լրատվամիջոցներով ինչ նպատակ է հետապնդում։ Այն, որ նման հայտարարություններն առանց Ալիեւների հավանության չէին կարող տարածվել, հասկանալի է ինքնին։ Ստացվում է, որ հայտարարությունները որոշակի նպատակի են ծառայելու։ Եվ կոնկրետ ինչ նպատակի` արդյոք ինչ-ինչ սցենարնե՞ր են խաղարկվելու, օրինակ, Արեւմուտքի բարեհաճությունը շահելու համար՝ հակամոնոպոլիստական պայքարի անվան ներքո, թե՞ Ալիեւը որոշել է, այսպես ասած, սեփականության վերաբաշխում իրականացնել։ Կամ գուցե որոշել է մի կրակոցով երկու նապաստա՞կ որսալ՝ ե՛ւ Արեւմուտքին սիրաշահել, ե՛ւ, այսպես ասած, ներքին էլիտաների «չիստկաներ» անցկացնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular