ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում իշխանափոխություն է հասունանում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռ ամիսներ առաջ՝ 2023-ի դեկտեմբերին, երբ Գյումրիում հաղթած ավագանու «Բալասանյան դաշինքը» եւ նրա հետ կոալիցիա կազմած «Քաղպայմանագիր» խմբակցությունը բաժանվեցին, եւ ՔՊ-ն հետ կանչեց իր պաշտոնյաներին համայնքային պաշտոններից, արդեն պարզ էր, որ գործող իշխանությունը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում էլ խլել իշխանությունը, ինչպես արեց Վանաձորում, Ալավերդիում, Փարաքարում եւ որոշ այլ համայնքներում։ Սակայն իրադարձություններն ավարտվեցին Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանի հետկանչով, գործող քաղաքապետի անվստահության գործընթաց չնախաձեռնվեց։ Թեեւ պարզ էր, որ Գյումրիում իշխանությունն այլ սցենար է գործի դրել՝ ընտրված ուժից իշխանությունը խլելու համար։

Մի քանի ամիս առաջ մենք լուր ստացանք, որ Սամվել Բալասանյանն ու որդին որոշել են փոխել իրենց իսկ նշանակած քաղաքապետին՝ Վարդգես Սամսոնյանին։ Սակայն, քանի որ մեր տեղեկությունները ոչ մի աղբյուրից պաշտոնապես չկարողացանք հաստատել, ձեռնպահ մնացինք այդ մասին գրելուց։ Այդ օրերին Վարդգես Սամսոնյանը հիվանդ էր ջրծաղիկով, մտածեցինք՝ մարդն ուղղակի հիվանդացել է, կառողջանա եւ կվերադառնա իր աշխատանքին։ Սակայն օրերս այս տեղեկություններն ավելի հստակություն ստացան, եւ հասկացանք, որ ծրագիրն ուժի մեջ է։
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում Գյումրու համայնքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտ է տիրում: Հակառակ սպասումներին, այս անգամ լարված են ոչ թե ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» հարաբերությունները, այլ ներքին խռովություն է առաջացել հենց «Բալասանյան դաշինքի» ներսում: Բանն այն է, որ նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դստեր՝ Լուսինե Սանոյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելուց հետո դաշինքում տրամադրություններ են փոխվել:

Մեր տեղեկություններով, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով «Բալասանյան դաշինքի» իրական ղեկավարն է, առաջիկայում քաղաքապետի փոփոխություն է նախատեսել․ այդ պաշտոնը պատրաստվում է հանձնել քրոջ դստերը՝ Լուսինե Սանոյանին, իրագործելով նրա վաղեմի ցանկությունը: Լ. Սանոյանը փոխքաղաքապետ է դարձել նույն՝ 2023-ի դեկտեմբերին: Թերեւս այդ մտադրությունն է պատճառը, որ վերջին շրջանում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը քաղաքում տեղի ունեցող խոշոր իրադարձություններին չի մասնակցում, փոխարենը առաջին պլանում է հայտնվել փոխքաղաքապետը: Սամսոնյանի՝ վերջին անգամ ասպարեզում հայտնվելը մոտ մեկ շաբաթ առաջ էր․ նա Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորում էր, երբ նա եկել էր Գյումրի՝ մասնակցելու Շիրակի պետական համալսարանում դիպլոմներ հանձնելու արարողությանը։ Իսկ օրեր առաջ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մեծ միջոցառմանն էր Սամսոնյանը բացակայում, ինչը չվրիպեց հյուրերի ուշադրությունից:

Այն, ինչ կատարվում է Գյումրիում, բնականաբար, Վարդգես Սամսոնյանի սրտով չէ․ քաղաքապետի աթոռը նա չի ցանկանում զիջել, եւ դա է պատճառը, որ հակադրվում է Սամվել Բալասանյանին, նախկին քաղաքապետի եւ նրա միջեւ որոշակի տարաձայնություններ են առաջացել: Սակայն դաշինքի ներսում ոչ բոլորն են կիսում Բալասանյանի մտադրությունը: Մեր տեղեկություններով, կոնֆլիկտներից որոշ ժամանակով խուսափելու համար ներկայիս քաղաքապետն արձակուրդ է վերցրել՝ հեռանալով երկրից:

Վարդգես Սամսոնյանի՝ արձակուրդ մեկնելու լուրը հաստատեցին նաեւ քաղաքապետարանից՝ այլ մանրամասներ չհաղորդելով: Որոշ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապվել փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի հետ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ավագանու «Բալասանյան դաշինքի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանից, ով, ի դեպ, Սամսոնյանի մտերիմն է: Սակայն Հովհաննիսյանը նախընտրեց լռել` հրաժարվելով որեւէ պատասխան տալ մեզ:

Իսկ նորանշանակ փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի մասին քաղաքապետարանում արդեն ուշագրավ բաներ են պատմում` նա մեծ սեր ունի սոցցանցերի նկատմամբ եւ հաճախ է իր լուսանկարները տեղադրում համացանցում, իսկ հաջորդ առավոտյան կանչում` նկատողություն է անում այն աշխատողներին, ովքեր չեն «լայքել» իր լուսանկարները:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular