Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ. Ռուսաստանը զգուշացրել է Երևանին Ուկրաինայի ճակատագիրը կրկնելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 15-24-ը նախատեսված «Արծիվ գործընկեր» կոչվող համատեղ զորավարժությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև լուրջ քննարկման և մտահոգության առարկա է դարձել Ռուսաստանում, գրում է avia.pro-ն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ նման քայլերը խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության մեխանիզմները։ Նրա խոսքով, Արևմուտքը Հայաստանին պարտադրում է ՆԱՏՕ-ի ռազմական չափանիշներ, ինչը հնարավորություն է տալիս նոր լծակներ ձեռք բերել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Այս զորավարժությունները տեղի են ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի գործունեության սառեցման և այդ կազմակերպության դեմ հասարակական հարձակումների ֆոնին։ Զախարովան ափսոսանք է հայտնել նման քայլերի համար ասելով, որ Արևմուտքի գլխավոր խնդիրն է ցատկահարթակ ստեղծել տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար։
Իր մտահոգություններն է հայտնել նաև Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը հիշեցնելով Հայաստանին Ուկրաինայի ճակատագրի մասին զգուշացրել է ՆԱՏՕ-ի հետ չափազանց սերտ համագործակցության հետևանքների մասին։ Նրա կարծիքով, դաշինքը երկար ժամանակ «սիրախաղում» է Երևանի հետ, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների։
Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունները և Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու այլ քայլերը կարող են լուրջ ռազմավարական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Նախ, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, որն ավանդաբար եղել է հանրապետության անվտանգության հիմնական գործընկերն ու երաշխավորը։ Մոսկվայի հետ խզումը կարող է թուլացնել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում և այն ավելի խոցելի դարձնել արտաքին սպառնալիքների նկատմամբ։
Երկրորդ հերթին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը և արևմտյան ռազմական ստանդարտների ընդունումը կարող են դժգոհություններ առաջացնել հայ հասարակության որոշ շերտերի և քաղաքական վերնախավերի մոտ, որոնք Ռուսաստանին են համարում հուսալի դաշնակից և գործընկեր։ Դա կարող է հանգեցնել ներքաղաքական պառակտումների և երկրի ներսում լարվածության աճի։
Երրորդ հերթին նման քայլերը կարող են հավելյալ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Արևմուտքի հետ համագործակցության ընդլայնումը կարող է ընկալվել որպես սպառնալիք և հանգեցնել տարածաշրջանային հակամարտությունների սրման։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը