ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեթարգիական քուն՝ անդունդի եզրին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է, բայց շատ հաճախ տպավորություն է, որ նորմալ իրադրություն է, ուստի հրատապ քայլեր ձեռնարկելու կարիք ընդհանրապես չկա։ Ավելին, որոշակի քայլեր ձեռնարկելու փորձեր են արվում միայն այն ժամանակ, երբ արդեն վնասը հասցված է, ու ճգնաժամն իր մետաստազները տարածել է տարբեր ուղղություններով։ Ինչ-որ առումով այս իրավիճակը նման է նրան, երբ հիվանդն անտեսում է հիվանդության ախտանշանները ու բժշկի է դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել։

2018 թվականի իշխանափոխությունից հետո պարբերաբար ահազանգել ենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտը խորացնում է իր արմատները, ինչը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել, բայց իշխանությունները, որպես կանոն, արհամարհել են այդ մտահոգությունները։ Ավելին՝ հենց իշխանություններն են ներքին թշնամանքի գեներացման հեղինակը։ Ու այս թշնամանքն այնքան է արմատավորվել, որ դուրս է եկել քաղաքական տիրույթից և տեղափոխվել միջանձնային տիրույթ։ Փոխադարձ ատելությունը, անհանդուրժողականությունը, մեկը մյուսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, այլ մարդկանց նկատմամբ քամահրանքը հող է նախապատրաստել անհատական մակարդակում արժեհամակարգային դեգրադացիայի համար։

Նաև դրա արդյունքում է, որ գրեթե օր չկա, որ մամուլում հրապարակումներ չլինեն հաշվեհարդարների, ծեծկռտուքի, դանակահարության ու հրազենային կրակոցների մասին։ Ու ամենացավալին այն է, որ այս դեպքերն ավարտվում են նաև մահացու ելքով։ Մի փոքր միջադեպը «մի կաթիլ մեղրի» նման կարող է վերածվել ողբերգական դիպվածի։ Քրեածին տարրերը վխտում են, այնինչ իշխանությունները կառավարության նիստերի ընթացքում խոսում էին քրեական ենթամշակույթի ու դրա կրողների դեմ պայքարի մասին։ Ակնհայտ է, որ հանցավորությունը անասելի չափերի է հասել, քանի որ ոչ միայն նախականխող միջոցներ չեն ձեռնարկվել և չեն էլ ձեռնարկվում, այլև անտեսվում են առկա սպառնալիքները։ Իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են մի կողմից՝ շոուների ցուցադրման, իսկ մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներին ճնշելու գործիք։ Այնինչ քրեական վարքով աչքի ընկնող տարրերը իրենց զգում են ինչպես ձուկը ջրում ու զենքերով օրը ցերեկով շրջում են փողոցներում։

Ու եթե առկա իրավիճակը երկար տևի, ապա բացառված չէ նաև, որ մի օր էլ վերածվենք Հայիթիի նման մի երկրի, որտեղ որոշակի հատվածներում ուղղակի ավազակախմբերն են իշխում։ Իսկ մինչ հայը հայի նկատմամբ ատելություն է տածում, հակառակորդը ձեռքերը ծալած չի նստել։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման։ Ու պատահական չէ, որ Բաքուն մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում Թուրքիայից, Իսրայելից, Սերբիայից ու այլ երկրներից։ Ալիևն էլ իր հերթին նախապատրաստում է հարձակման սցենարը՝ միաժամանակ առաջ քաշելով տարբեր պահանջներ, որոնք լիովին անընդունելի են հայկական կողմի համար։ Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը, հոխորտալով Հայաստանի հասցեին, պահանջել է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, հայկական կողմը ձեռնամուխ լինի Սահմանադրության փոփոխությանը և համատեղ դիմում հղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Բայց այս հոխորտանքներին համապատասխան արձագանք չի հնչում Երևանից։

Ու, ընդհանրապես, Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, կարծես, առանձնահատուկ ոչինչ էլ չի կատարվում։ Կամ՝ գուցե կատարվում է այնպես, ինչպես իրենք ուզում էին, պլանավորել էին և այլն: Այսինքն, այդպես էլ պետք է լինի: Փաշինյանը մեկ ամսով արձակուրդ է գնացել, Բեռլինում ու Լոնդոնում հեծանիվ է վարում ու նկարներն էլ տարածում է համացանցում։ Ինչ մեծ ծառայություն է մատուցում երկրին։ Նա հանրային միջոցների հաշվին վայելում է կյանքը, մինչ իր իսկ պատճառով երկիրը գլորվում է անդունդը։ Եվ երբ Ադրբեջանն ամիսներ անց հարձակվի ու տարածքներ գրավի, իշխանությունները նորից կտարածեն, թե դրանում էլի նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, Եկեղեցին է մեղավոր: Իրենք ի՞նչ կարող էին անել, Եվրոպա գնացե՞լ են, գնացել են, հեծանիվ վարե՞լ են, վարել են, տեղը տեղին արձակուրդ գնացե՞լ են, գնացել են։ Էլ ի՞նչ եք ուզում: Իսկ ամենացավալին այն է, որ նորից այդ հեքիաթներին հավատացողներ կլինեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular