Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքների մասին սոցիալական ցանցերում շրջանառվող նկարներում երևում է, որ հայ զինվորները կրում են հնդկական Բանգալորում գործող Tonbo Imaging ընկերության կողմից արտադրված սաղավարտի ջերմապատկերային մոնոկուլյարներ, գրել է հնդկական The Print հրատարակությունը, գրում է politnavigator.net-ը։
Դրանք պաշտպանական սարքավորումներից են, որոնք Հայաստանը գնել է Հնդկաստանից Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո իր զինված ուժերն ուժեղացնելու համար, նշել է թերթը։
«Ի դեպ, հնդկական բանակը ևս ձեռք է բերել այդ ջերմապատկերային մոնոկուլյարները որպես 2021 թվականի արտակարգ իրավիճակների գնումների մաս: Tonbo Imaging ընկերության արտադրանքն օգտագործվում է հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումների կողմից, այդ թվում Իսրայելում և Ֆրանսիայում, ինչպես նաև Հնդկաստանում»,- ընդգծել է The Print-ը։
Ըստ հրապարակման Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների հիմնական հաճախորդը, գնվում են սկսած հրետանային համակարգերից և Pinaka բազմափողանի հրթիռային կայաններից մինչև փոքր զենքեր, զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Սակայն հայերը հնդկական ռազմարդյունաբերական համալիրի միակ հաճախորդները չեն, նշել է հրատարակությունը։
«Հնդկական պաշտպանական կառույցը լռում է, երբ խոսքը վերաբերում է Հայաստան արտահանմանը: Ի դեպ, 2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի, մատակարարումները հասել են ավելի քան 85 մերձակա և հեռավոր արտասահմանյան երկրներ»,- նշել է The Print-ը։
Հայաստանը տարբեր տեսակի պաշտպանական տեխնիկա է գնել Հնդկաստանից Ադրբեջանի հետ Ղարաբաղի համար պատերազմում պարտվելուց հետո։ Փաշինյանը համառորեն հետամուտ է հայկական զենքի գնումների դիվերսիֆիկացմանը և մանևրում է Հնդկաստանի և իսլամական աշխարհի հակասությունների հիման վրա։
Ինչպես հայտնում է ThePrint-ը, Հայաստանն ակնկալում է համագործակցություն Հնդկաստանի հետ իր զինված ուժերն ուժեղացնելու նպատակով, որոնք ներկայումս արդիականացման գործընթաց են անցնում։
«Այդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը 2020 թվականին Հնդկաստանից գնել է զենքի հայտնաբերման չորս «Սվաթի» ռադար, որոնք մատակարարվել են Ադրբեջանի հետ իր հակամարտության ֆոնին: Դրանից հետո Հայաստանը ձեռք է բերել Pinaka հրթիռային համակարգեր, ապա մի քանի այլ տեսակի սարքավորումներ, ինչպես նաև կենտրոնացել է Հնդկաստանում իր ուժերի վերապատրաստման վրա»,-ասվում է հրապարակման մեջ:
Հայաստանի գլխավոր մրցակիցը՝ Ադրբեջանը, շատերի կողմից դիտվում է որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Նա թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Հայաստանի դեմ պատերազմելու համար, հիշեցրել է հնդկական թերթը։ Ըստ ThePrint-ի Հնդկաստանն ու Հայաստանը պաշտպանական երկկողմ համագործակցության համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում են։ Հայաստանը, բացի Հնդկաստանից, բանակի արդիականացման գործընթացի շրջանակներում մի քանի համակարգեր է գնել նաև ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը