Փաշինյանը Հայաստանը Եվրոպա է տանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին։ Այդ կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ իրադարձությունն անվանել է «շատ կարևոր հանգրվան Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործում, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա»։ Ի՞նչ է կանգնած դրա հետևում և ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն Հայաստանում։ Այդ ամենի մասին իր մտքերն է հայտնել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
«Այն, որ այդ հարցը բացառապես քաղաքականացված է, բխում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից։ Նրա խոսքով, «մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում»: Այստեղից բխում է, որ երկրորդական նշանակություն ունի հայերին ԵՄ երկրներ ազատ այցելելու հնարավորություն տալու հարցը։ Բայց Բրյուսելը պարզաբանել է, որ առանց վիզայի ռեժիմ կներդրվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը բավարարի որոշակի «չափանիշներ», և որ այդ գործընթացը կարող է արագ չլինել և կտևի մի քանի տարի։ Ի դեպ, առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրով նախատեսված չէ աշխատելու իրավունք»,- նշել է Տարասովը։
Նա հիշեցրել է, որ նախկինում ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար նույն չափանիշներն էր սահմանել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար։ Հետո ներքին և արտաքին քաղաքականության մեջ Եվրոպային անհրաժեշտ ուղղությունները ձևավորելու համար դա դարձավ այդ երկրների վրա ճնշում գործադրելու լծակներից մեկը։
«Վերջին օրինակը Վրաստանն է, երբ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի կասեցման սպառնալիքը կապվում է Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Տրամաբանորեն, հաշվի առնելով իրադարձությունների այդ ընթացքը, Հայաստանը կարող է հույս ունենալ եվրոպական ներդրումների հոսքի դեպի տնտեսություն: Բայց չգիտես ինչու, տարօրինակ կերպով նա դա կապում է միայն իր անվտանգության խնդիրների հետ։ Ըստ ամենայնի, պատահական չէ, որ ԵՄ-ն իր որոշումն ուղեկցել է Հայաստանին հանրապետության զինված ուժերին աջակցելու առաջին ֆինանսավորմամբ, սակայն ընդամենը 10 մլն եվրոյի չափով։ Թերևս դա առայժմ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության խորհրդանշական ցուցադրությունն է որոշակի իմաստային բովանդակությամբ, սեփական ներկայությունը տարածաշրջանում մատնանշելն է։ Միևնույն ժամանակ, դա միանշանակ ազդանշան է արտաքին աշխարհին, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը ներքին և արտաքին քաղաքականության որոշ հարցեր լուծելու հարցում»,- պարզաբանել է iarex.ru-ի դիտորդը։
Տարասովը վստահ է, որ դա կհանգեցնի լարվածության Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ Երևանը Բրյուսելի խնդրանքով առաջին փուլում կարող է բարձրացնել Գյումրիում ռուսական ռազմակայանի կարգավիճակի փոփոխության, անձնակազմի կրճատման և այլնի մասին հարցեր։ 2024 թվականի սկզբին Հայաստանն արդեն սառեցրել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Միևնույն ժամանակ, վաղ թե ուշ հարց է առաջանալու Եվրասիական տնտեսական միությանը և Ռուսաստանի մասնակցությամբ այլ ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մասնակցության մասին։ Բացի այդ, մեր կարծիքով, խնդիրներ կառաջանան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Մի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականություն է վարում այնպես, կարծես փորձում է բացահայտել, թե արտաքին ուժերից ո՞վ է մտադիր պայքարել հանուն Հայաստանի։ Սակայն, օրինակ, Թուրքիայում, ինչպես գրում է Cumhuriyet թերթը, կարծում են, որ «ԱՄՆ-ը ծրագրում է Անդրկովկասում Հայաստանի տարածքով բացել հարավային ճակատ Ռուսաստանի հարավային սահմաններում»։ Հասկանալի է այն, որ խոսքը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պոտենցիալ պատերազմի մասին է, այլ նաև, ըստ Cumhuriyet-ի, «Աստանայի եռանկյունու մեջ (Թուրքիա-Ռուսաստան-Իրան) խրվելու ԱՄՆ-ի ցանկության մասին: Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։ Արդյունքում թե՛ Անդրկովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լայնածավալ ցնցումների համատեքստում Հայաստանը ներկայումս կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ»,- եզրափակել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը