ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով կարող է ծխածածկույթ լինել Ռուսաստանի Դաշնության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «կապույտ վառելիքը», որն  Ուկրաինան տարանցում է Եվրոպա, Ադրբեջանից գազով փոխարինելու ծրագիրը ռիսկեր է պարունակում։ Փորձագետները մտավախություն ունեն, որ դա միայն ծխածածկույթ կդառնա Ռուսաստանից գազի արտահանման համար, գրում է unian.net-ը։

Financial Times-ը գրում է, որ Կիևը դիտարկում է ռուսական գազի մատակարարումներն ադրբեջանական գազով փոխարինելու հնարավորությունը, սակայն կա մի նրբերանգ. գազը կհոսի Ռուսաստանով և Ուկրաինայով, և Բաքուն կկարողանա մատակարարել գազի այն քանակի մի մասը, որը ներկայումս Եվրոպա է հասնում Ռուսաստանից, ինչը հարցեր է առաջացնում, թե ինչպես է այդ սխեման գործնականում աշխատելու:

Գլոբալ հետազոտությունների Strategy XXI կենտրոնի նախագահ Միխայիլ Գոնչարը կարծում է, որ այդ գործարքը կարող է «վերածվել եվրոպական շուկա ադրբեջանական գազի քողի տակ ռուսական գազի թաքնված արտահանման սխեմայի»:

Naftogaz-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսեյ Չերնիշովն էլ ասել է, որ ադրբեջանական գազի մատակարարման առաջարկը հիմնական այլընտրանքն է, որը դիտարկում է Ուկրաինան։ Այդ պլանով Բաքուն նպատակ ունի գազ ներկրել Ռուսաստանից, այնուհետև այն Եվրոպա արտահանել ուկրաինական խողովակաշարով: Այս պահին Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական գազը կազմում է ԵՄ ընդհանուր մատակարարումների մոտ 5 %-ը։ Ադրբեջանը կարող է մատակարարել այդ անհրաժեշտ 14 մլրդ խմ-ից միայն 2 մլրդ խմ-ը։

Ըստ Գոնչարի Կիևը պատրաստ է աչք փակել Ռուսաստանի Դաշնությունից ադրբեջանական գազի քողի տակ հայտնվող գազի վրա, քանի որ կարծում է, որ ռուսական վառելիքի առկայությունն ապահովագրություն կդառնա Մոսկվայի հարձակումներից։ Նրա խոսքով, դա «թույլ փաստարկ է», քանի որ Ռուսաստանը հարձակվում է հենց Ուկրաինայի գազի կոմպրեսորային կայանների վրա։

Dragon Capital ներդրումային ընկերության էներգետիկ փորձագետ Դենիս Սակվան էլ ենթադրել է, որ եթե Ռուսաստանը համաձայնի գործարքին, դա չի լինի միայն տարանցման վճարների համար:

Չերնիշովի կարծիքով, մեկ այլ տարբերակ է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին ԵՄ թրեյդերների կողմից գազի գնումը, որն Ուկրաինան կկապի Գազպրոմին:

«Ադրբեջանի առաջարկն ավելի հիմնավոր է, քանի որ նրանք ունեն գազի արդյունահանում, որը կարող են ուղարկել Եվրոպա,- ասել է Չերնիշովը,- իսկ ԵՄ թրեյդերները կգործեն որպես ռուսական գազի տեղափոխողներ»: Նրա խոսքով այս պահին երկու տարբերակներն էլ պետք է դիտարկել։

Ուկրաինայի տարանցիկ համակարգի նախկին ղեկավար Սերգեյ Մակագոնի խոսքով Կիևը ռուսակական գազի տարանցումից տարեկան ստանում էր մոտ 1 միլիարդ դոլար տարանցման վճար, սակայն միջոցների մեծ մասն ուղղվում է գազատրանսպորտային համակարգի պահպանմանը։ Այնուամենայնիվ, այդ տարանցումը տարեկան մոտ 5 միլիարդ դոլար է տալիս Մոսկվային պատերազմելու համար, ինչը հակասում է ռուսական վառելիքի դեմ պատժամիջոցներ սահմանելու Ուկրաինայի կոչերին:

Ըստ Մակագոնի ռուսական գազի ներկրումը գաղտնի շարունակելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել ԵՄ հարևան երկրներում ռուսամետ քաղաքական գործիչների ճնշումներով, որոնք փորձում է պահպանել և աջակցել Մոսկվային, ինչպես նաև դա ձեռնտու է թրեյդերներին։

Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ-ն փորձել էր հրաժարվել ռուսական գազից, սակայն որոշ եվրոպական երկրներ շարունակում են այն ստանալ Ուկրաինայով անցնող խողովակաշարով։ Հարցը Սլովակիայի, Հունգարիայի, Ավստրիայի մասին է։ Տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել իր դերը որպես տարանցիկ երկիր և օգնել ապահովել իր արևմտյան հարևանների էներգետիկ անվտանգությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular