Հայ և ադրբեջանական զորքերը Բերքաբերում հետ են քաշվել. ինչ կկատարվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Բերքաբեր գյուղի հարակից տարածքում Ադրբեջանը Հայաստանին մեկ դիրք է զիջել։ Այս լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Բերքաբեր գյուղի վարչական ղեկավարը։
Տիգրան Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման արդյունքում հայկական և ադրբեջանական զորքերը մեկական դիրքով հետ են քաշվել։
«Ադրբեջանական դիրքերից մեկը գտնվում էր Բերքաբերին պատկանող տարածքում, իսկ մենք դիրքավորվել էինք իրենց Քիզըլխաջիլի գյուղի տարածքում։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի շրջանակներում մենք իրենց տարածքից ենք դուրս եկել, իրենք՝ մեր»,- նշեց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ խոսքն առայժմ մեկ դիրքի մասին է, բայց մոտ 800 հա տարածք, որ նախկինում եղել է վարելահող, դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Վարչական ղեկավարը, սակայն, չպատասխանեց MediaHub-ի՝ արդյո՞ք սպասված խաղաղությունը մոտ է հարցին. «Թույլ տվեք, առայժմ չմեկնաբանեմ»։
Զորքերի համաչափ հետքաշման մասին տեղյակ են նաև Բերքաբերի բնակիչները, և դա խաղաղություն տանող ճանապարհին մեծ քայլ են համարում։ Հիշեցնելով Կիրանցի օրինակը՝ Հարությունյանն ասաց, որ Բերքաբերում վատ տրամադրություններ չկան։ Սակայն, կայուն խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի Բերքաբերին պատկանող բոլոր տարածքները։
Հիշեցնենք, որ վաղը Բերքաբեր կայցելի նաև Նիկոլ Փաշինյանը։
Հունան Թադևոսյան