ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան անձինք, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, ինչ է կատարվել նրանց հետ՝ չենք կարող ասել. իրավապաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այս պահին մենք ունենք շուրջ 210 գերի, որոնք արդեն  հայրենադարձվել են»: Այդ մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Շարունակաբար պահվում են 23 հայեր, ես խուսափում եմ այստեղ գերի տերմինը օգտագործելուց, որովհետև պետք է հասկանանք նաև իրավական ռեժիմները: 23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում, ունենք երկու ռազմագերի, ովքեր  հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողություններին: Ունենք 3 քաղաքացիական անձ, ովքեր ձերբակալվել են նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող օրերին, երբ ընդամենը անցել են մի տարածք, որի գրավման մասին տեղեկություն չեն ունեցել: Ունենք 2 քաղաքացիական անձանց ձերբակալում, որոնցից մեկը  կապված է եղել բնակավայրում մոլորվելու, մյուսը՝ Կարմիր Խաչի  ուղեկցությամբ առողջական նպատակներով ՀՀ տեղափոխվելու հետ, խոսքը Վագիֆ Խաչատրյանի դեպքի մասին է»,-ասաց իրավապաշտպանը:   

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ մյուս 16 դեպքերը կապված են  2023 թվականի  սեպտեմբերի  դեպքերի հետ:

«Նրանցից 8-ը գտնվել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ, ընդ որում՝ 7-ը եղել են ռազմական գործողությունների մասնակից, 1-ը՝ տարեց բնակիչ: Մյուս 8 դեպքերը կապված են Արցախի նախկին  ղեկավարության հետ, որոնք իմ գնահատմամբ, չեն համարվում ո՛չ գերի, ո՛չ էլ ռազմագերի, որովհետև նրանց ազատությունից զրկելը որևէ առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ: Նրանք քաղաքական պատվերի  հիման վրա ձերբակալված, ու այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք են, ովքեր պատժվում են իրենց արտահայտած կարծիքների  ու Արցախի ինքնորոշման իրավունքի կայացման ներդրման համար: Կարող ենք ասել, որ նրանց ապօրինի անազատության մեջ պահելն ունի սիմվոլիկ նշանակություն»,-ասաց Սահակյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ գերիների հարցը միայն վերը նշվածով չի սահմանափակվում:

«Կան անձինք, ովքեր մեր ունեցած տեղեկություններով, գերեվարվել են, բայց Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ընդունել նրանց գերեվարման փաստը: Այստեղ ունենք կրկնակի բարդության խնդիր, նախ ապացուցել, որ նրանք Ադրբեջանում են, ապա տանել աշխատանք նրանց ազատ արձակման ուղղությամբ: Այս անձանց իրավական ռեժիմը գերությունից վեր է ածվել  բռնի անհետացած անձանց, թե ինչ է կատարվել նրանց հետ, չենք կարող ասել»,-ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular