ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար Հայաստանը կարող է Ռուսաստանը փոխարինել Ֆրանսիայով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան Ռուսաստանի փոխարեն կարող է կառուցել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկը: Այդ հարցը քննարկվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինիի և ֆրանսիական Framatom ընկերության ներկայացուցիչների՝ ատոմակայանների համար սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի, ատոմակայան կատարած այցի ժամանակ, գրում է Moscowtimes.ru-ն։ ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ֆրանսիական կողմի հետ և ուսումնասիրել ռեակտորների տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները։

2023 թվականի հունիսին Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Միաժամանակ, ՀԱԷԿ-ի գործող երկու էներգաբլոկների շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2036 թվականը և սկսվել են դրանց տեխնիկական արդիականացման աշխատանքները։ ՀԱԷԿ-ի սպասարկման հիմնական կապալառուն «Ռոսատոմն» է։ Միջուկային վառելիքը կայանին մատակարարվում է Ռուսաստանից։ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանը «Ռոսատոմի» հետ հուշագիր է ստորագրել հանրապետությունում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։

Հայկական ատոմակայանը տարածաշրջանում միակ ատոմակայանն է, որը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից է։ Կառուցվել է ԽՍՀՄ օրոք Մեծամոր քաղաքի մոտ։ Կայանը բաղկացած է երկու էներգաբլոկից՝ VVER-440 տիպի ռեակտորներով։ Մեկ բլոկի տեղադրված ջերմային հզորությունը 1375 ՄՎտ է, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան 440 ՄՎտ։

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում քննարկում են ոչ թե ռուսական, այլ արևմտյան մոդուլային տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելու տարբերակը։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն այդ հարցում բանակցում է Վաշինգտոնի հետ։ «Շուտով հայկական պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային ռեակտորների հնարավորություններին»,- մայիսի վերջին ասել էր Փաշինյանը։ Մինչ այդ էլ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ Երևանը ծրագրում է նոր ատոմակայանի կառուցումը սկսել 2026-2027 թվականներին։ Նրա խոսքով, հայկական կողմը նախատեսում է օբյեկտի շահագործումը սկսել 2036 թվականին գործող կայանի գործունեության դադարեցումից հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular