ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի օդանավակայանն առանց ռուս սահմանապահների. Ի՞նչ է դա նշանակում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի ամսվա ընթացքում Երևանը հասավ նրան, որ ռուս սահմանապահները դուրս բերվեցին Ադրբեջանի հետ սահմանից, այնուհետև մայրաքաղաքի օդանավակայանից։ Արդյո՞ք դա պետք է ընկալել որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատում, գրում է dw.com-ը։

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները, որոնք 32 տարի հսկողություն են իրականացրել Երևանի Զվարթնոց օդանավակայանի անցակետում, պաշտոնապես լքել են այն և իրենց լիազորությունները փոխանցել Հայաստանի իշխանություններին։ Այդ քայլը, հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, լայնորեն ընկալվել է որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատման վկայություն, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ունի ռազմաբազա և պահպանում է Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։

Օդային նավահանգստի տարածքում է տեղի ունեցել ռուս սահմանապահների լիազորությունները Երևանի օդանավակայանի անցակետին փոխանցելու մասին արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը համեստ է եղել, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, ովքեր իրենց ելույթներում զուսպ են եղել: Նրանց պաշտոնական շնորհակալությունը միմյանց ամենայն հավանականությամբ ցույց է տալիս, որ հավատարիմ են արձանագրություններին և քաղաքական կոռեկտությանը, քան դաշնակցային փոխգործակցության ոգու դրսևորմանը:

Ռուս սահմանապահները «Զվարթնոց» անցակետում հայաստանցիների հետ միասին ծառայել են միջպետական պայմանագրով 1992 թվականից։ Նույն փաստաթղթի համաձայն Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը ևս պահպանում են ռուս սահմանապահները։

Հայաստանն ու Ռուսաստանն անմիջապես չեն հանգել ռուս սահմանապահներին Երևանի օդանավակայանից դուրս բերելու որոշմանը։ Դա տեղի է ունեցել երկու երկրների միջև աճող կոնֆլիկտի ֆոնին, երբ Երևանը 2024 թվականի փետրվարին հայտարարեց ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին: ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք է, որին, ի լրումն Ռուսաստանի և Հայաստանը ներառված են նաև Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ Միաժամանակ, Երևանն ակտիվորեն խորացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ ընդհուպ մինչև ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելը և ԵՄ-ից պաշտպանական աջակցություն ստանալը, ինչը ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն անվանում են երկրի արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանից Արևմուտք վերակողմնորոշելու փորձ։

Երևանը նաև կարողացել է Մոսկվայի հետ պայմանավորվել հայկական մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ, ինչը, Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման հետ մեկտեղ, շատերն անվանում են քայլ ուղղված Հայաստանում ռուս զինվորականների ներկայության  կրճատմանը։ Նման կարծիքի է, մասնավորապես, հայ քաղաքագետ Դավիթ Արությունովը, ում կարծիքով Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման գործընթացն ակնհայտ է։

«Անկասկած, նման գործընթաց է ընթանում, որն ընդհանուր առմամբ վկայում է տարածաշրջանում Ռուսաստանի դերի փոփոխության մասին»,- ասել է Արությունովը dw.com-ին տված հարցազրույցում։

Չբացառելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հետագա կրճատման հնարավորությունը Երևանի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում, մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը դեռ հակված է այլ կերպ մտածելուն։

«Երևանի օդանավակայանից սահմանապահների դուրսբերումն ամենայն հավանականությամբ հայ-ռուսական հարաբերություններում դեմարշի կամ ճգնաժամի վկայություն է: Սակայն չեմ կարծում, որ դա  պետք է ընկալել որպես Հայաստանում ռուսաստանյան զինուժի կրճատման գործընթացի սկիզբ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է Իսկանդարյանը հավելելով, որ ռազմական ներկայության կրճատման մասին պետք է խոսել հայկական Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման համատեքստում։

Բայց այդ հարցը կարգավորվում է առանձին միջպետական պայմանագրով, և բազայի տեղակայման ժամկետը կլրանա միայն 2044 թվականին։ Անհնար է, ըստ քաղաքագետ Իսկանդարյանի, խզել այդ պայմանագիրը միայն Հայաստանի ցանկությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular