Pink berry-ի սեփականատերը կշարունակի մնալ կալանքի տակ. ինչ է սպասվում Արաբկիրի նախկին թաղապետին . «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց քրեական գործով մեղադրյալների կալանքի ժամկետը, դատարանի որոշմամբ, երկարաձգվում է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև Pink berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել էր, ու օրերս կալանքի ժամկետը դատարանը եւս 20 օրով երկարաձգել է։ Ավելին` այսօր վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը. տեսնենք, թե ինչ կասի ՀՀ վերաքննիչ դատարանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և համակցված` գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։