ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում․ Արթուր Ալեքսանյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով պարտվել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հույս է հայտնում, որ արդարությունը կվերականգնվի:

«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասում է Արթուր Ալեքսանյանը:

Այդուհանդերձ, Արթուր Ալեքսանյանն ընդգծում է՝ կշարունակի մարզական կարիերան, թեև մրցավարական կողմնակալություններն ու անարդարությունները հիասթափեցնող են. «Այո, այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում: Ընդ որում, կողմնակալությունները միայն իմ դեպքում չէին: Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց հաղթանակը, ու նա կարող էր դուրս գալ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, բայց այսօր Սլավիկը մնաց առանց մեդալի, քանի որ ինչ-ինչ պատճառներով գոտեմարտի արդյունքը փոխվեց: Նույնն այսօր Արսեն Հարությունյանի պարագայում էր: Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկում է եղել: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- ասել է Ալեքսանյանը:

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:

«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ Փարիզ-2024-ի մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ:

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular