Նոր պատերազմի սպասումով. Իրանի նախագահը կոչ է արել հարվածել Ադրբեջանի տարածքին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրանա-իսրայելական սրումը սպառնում է լայնածավալ պատերազմի վերաճել հենց մեր տարածաշրջանում՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով։ Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականը հայտնել է, թե մինչ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։
Ընդ որում, նման զարգացումը համարվում է մեղմ դիրքորոշում։ Առավել կոշտ դիրքորոշման կողմնակից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն առաջարկել է հարվածել ուղիղ Թել-Ավիվին։
«Պեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ Նա առաջարկել է Ադրբեջանում կամ (Իրաքյան) Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։
Վերջնական որոշումը կայացնելու է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Այն, որ Իրանն անպայման պատասխանելու է, որևէ մեկը կասկած չունի։ Հարցն այն է, թե ինչպես, և ով է առավելապես տուժելու այդ հարձակումից։ Տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանում իսրայելական գաղտնի ռազմակայաններ կան։
Ավելին, 44-օրյա պատերազմից հետո ռազմակայաններ են ստեղծել Իրանի անմիջական սահմանի մոտ, օկուպացված տարածքներում։ Ադրբեջանը Արևմուտքի համար դիտարկվում է որպես Իրանին հարվածելու հարմար պլացդարմ։ Բնականաբար, ոչ Իսրայելը, ոչ էլ արևմտյան երկրներն ամենևին չեն մտահոգվելու Ադրբեջանի ճակատագրով, ինչպես երբևէ չեն մտահոգվել Հայաստանի կամ տարածաշրջանի այլ երկրի ճակատագրով։
Այս ամենը վկայում է, որ առաջիկայում մեր տարածաշրջանին ծանր փորձություն է սպասվում։ Իսկ մինչ այդ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված «քաջնազարները» հեծանիվ են վարում, վայելում կյանքը։
Լիանա Ավոյան