Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա. պաշտպան
ԻՐԱՎՈՒՆՔԳերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Ադ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ քննիչի կողմից կալանքը երկարաձգելու միջնորդության բոլոր փաստարկներն անհիմն էին: «Որևէ հիմք չկա կալանքը երկարաձգելու, ի սկզբանե հիմք չկար կալանքի: Չնայած՝ ներկա բիրտ ճնշումներին, որ իրականցվում է ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ, հույսս մի քիչ պակասում է, բայց իրավունքի տեսանկյունից կարող ենք արձանագրել՝ չկա հիմք կալանքը երկարաձգելու: Հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- հայտարարեց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ Վարդանյանն, ինչպես միշտ, մարտական էր, պատրաստ՝ հաջորդիվ ազգանվեր պայքարին։
Նշենք, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 14։00-ին։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է համացանցում հայտնված ձայնագրությանը, որով Գերասիմ Վարդանյանը, ենթադրվում է՝ հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարներ: 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։
ՀՅԴ Վայոց Ձորի մարզային գրասենյակում և մի շարք հասցեներում խուզարկություն է իրականացվել։