ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չմշկավազք մարզաձև

ՖՈՏՈ

 Չմշկավազքը դիտարժան սպորտաձև է, կարելի է կլանված հետևել, թե ինչպես են մարզիկները «թռչում» սառույցի վրայով մրցելով միայն մեկ արժանի հակառակորդի՝ քամու հետ: Որքա՞ն ժամանակ առաջ են մարդիկ սկսել արագությամբ հաղթահարել տարածությունները չմուշկներով: Չմշկավազքը, ինչպես և յուրաքանչյուր սպորտաձև, ունի իր հատուկ պատմությունը։

Չմշկավազքը համարվում է մարդու կողմից հորինված առաջին մարզաձևերից մեկը։ Նրանից ավելի հին են, հավանաբար, ատլետիկան և ըմբշամարտը, որոնք մեծ հարգանք են վայելել հույների և հռոմեացիների կողմից և հայտնի են մ.թ.ա. 776 թվականից: Օդեսայի թանգարաններից մեկում պահվում են մոտավորապես 3200 տարեկան չմուշկներ: Դրանք օգտագործվել են հյուսիսային սևծովյան տարածաշրջանի բնակիչների՝ կիմերացիների կողմից։ Առաջին գրավոր տեղեկությունը չմուշկների մասին հայտնվել է դեռևս 1174 թվականին։ Ստեֆանիուս անունով Քենթերբերիի վանականը գրել է այդ հրաշալի սարքի մասին իր «Լոնդոն ազնվական քաղաքի տարեգրություն» աշխատության մեջ։ Բացի դա չմուշկները և դրանց վրա իրական սահելը կարելի է տեսնել 1380 թվականով թվագրվող մի նկարում: 

1604 թվականին տարեգրությունները խոսում են Էդինբուրգում չմշկասահքի առաջին ակումբի հայտնվելու մասին։ Նշենք, որ չմշկասահքի «ծիլերը»՝ կարտոֆիլի հետ միասին, Հոլանդիայից Ռուսաստան է տարել Պետրոս Առաջինը։ Սակայն նրա մահից հետո այդ «նախագիծը» փակվել է։ 

Չմշկավազքը որպես մրցում կամ կարելի է ասել ընկերական հանդիպում առաջին անգամ տեղի է ունեցել 1763 թվականին: Մրցել են երկու թիմ՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Այդ մրցույթը չի ունեցել կոնկրետ կանոններ կամ կանոնակարգեր։ Գործել է «ով է ավելի արագ» սկզբունքը։ Կանոնները ձևակերպվել և տպագրվել են Անգլիայում միայն այդ մրցույթից 9 տարի անց։ 19-րդ դարի 30-ականներին ամբողջ աշխարհում՝ սկսած ԱՄՆ-ից և վերջացրած Ռուսաստանով, սկսել են ի հայտ գալ չմշկասահքի սահադաշտեր։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան, սկսել են հայտնվել սահադաշտեր, որոնք բաց են եղել բոլոր ցանկացողների համար:

1889 թվականին Ամստերդամում տեղի է ունեցել չմշկավազքի ամենանշանակալի իրադարձությունը՝ աշխարհի առաջին առաջնությունը։ Այն, սակայն, եղել է ոչ պաշտոնական։ Դրանից հետո՝ 1892 թվականին նորաստեղծ Միջազգային չմշկավազքի միությունն այդ մարզաձևին տվել է պրոֆեսիոնալ մրցույթի կարգավիճակ։ Հետագայում սկսել են աշխարհի առաջնություններ անցկացնել ամեն տարի և դա շարունակվում է նույնիսկ մեր օրերին։ Չմշկավազքի միջազգային ֆեդերացիան վերահսկում է մրցույթների հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը։

1924 թվականին այդ մարզաձևը ներառվել է տղամարդկանց ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ 1960 թվականից մտցվել է նաև կանանց չմշկավազքը։ Չմշկավազքի մրցումներն անցկացվել են չորս դիսցիպլինաներում՝ 500, 1500, 5000, 10000 մետր չմշկավազք և բազմամարտ: Այժմ Օլիմպիական խաղերում առկա են 500, 1000, 1500, 3000, 5000, 10000 մետր տղամարդկանց համար, և 500, 1000, 1500, 3000 մետր կանանց համար։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular