Բաքվին անհանգստացնում է Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
iz.ru-ն իր «Դեպի պատնեշ. ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում Հայաստանով անցնելիք ճանապարհից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե որոշվել է մի կողմ դնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցը։ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այդ կետը հանել խաղաղության համաձայնագրից և տեղափոխել հետագա փուլ։ Մենք չենք ցանկանում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը»,- ընդգծել է նա՝ հավելելով, թե Բաքուն շարունակում է պնդել, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հղումներ կան Ղարաբաղին: Ավելի ուշ Հայաստանն է հայտնել, որ կողմերը որոշել են հետաձգել ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի», այլ ընդհանրապես տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների հարցը։ Իսկ որո՞նք են այս ամենի պատճառները:
«Զանգեզուրի միջանցքը» ճանապարհ է, որը նախատեսվում էր կառուցել Հայաստանի Սյունիքի մարզով, որը թույլ կտար Ադրբեջանին ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բաքվում նախագիծը քննարկելիս անընդհատ շեշտվում է, որ այն պետք է հատուկ կարգավիճակ ունենա, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չպետք է մաքսատուրքեր գանձեն ու սահմանային ստուգումներ անցկացնեն։ Երևանը կտրականապես մերժում էր այդ պահանջները՝ դրանք որակելով որպես հարձակում ինքնիշխանության դեմ: Միաժամանակ, Ադրբեջանն իր տարածքում շատ բան է արել այդ նախագիծն իրականացնելու համար։ 2024 թվականի սկզբի դրությամբ երկաթուղու պատրաստ լինելը կազմել է 45 %, ճանապարհինը՝ 80 %։ Իլհամ Ալիևը ևս վճռականություն է դրսևորում այդ նախաձեռնությունն իրականացնելու համար: «Զանգեզուրի միջանցքը միանշանակ բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է, թե ոչ»,- հայտարարել էր նա։
Ներկայում Ադրբեջանի դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառները կարող են լինել մի քանիսը: Մի կողմից՝ անցյալ աշնանը Բաքուն համաձայնել է հաղորդակցություն հաստատել Իրանի հետ, և կողմերը սկսել են կառուցել ճանապարհային կամուրջ և մաքսային ու սահմանային անցակետ։ Հասկանալի է, որ Իրանով ճանապարհի դեպքում որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա, սակայն Ադրբեջանի համար խնդրի սրությունը, այնուամենայնիվ, նվազել է, և «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը դարձել է ավելի քիչ կրիտիկական։ Մյուս կողմից՝ հիմա Ադրբեջանի համար կարևոր է բարելավել իր միջազգային իմիջը։ Բանն այն է, որ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի կլիմայական COP29 ներկայացուցչական համաժողովը։ Հասկանալի է, որ Իլհամ Ալիևը այս ընթացքում չի ցանկանում անհարկի քննադատություն լսել, իսկ Հայաստանի վրա ճնշումների նվազումը կարող է դրականորեն ընդունվել խոշոր տերությունների և միջազգային կառույցների կողմից։ Երրորդ պատճառն այն է, որ Հայաստանի վրա ճնշումը հակազդեցություն է առաջացնում, Երևանում բողոքի տրամադրություններն ուժեղանում են: Այս գարնանը հանրապետությունում եղել են մի քանի բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի ամուր պաշտպանել հանրապետության շահերը։
Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն որոշել է թուլացնել ճնշումը, որպեսզի դա չհանգեցնի իշխանափոխության, քանի որ Հայաստանի նոր ղեկավարները կարող են ավելի քիչ զիջող լինել։ Այդ առումով հետաքրքիր է, որ «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու հետ միաժամանակ ադրբեջանցիները մեկ սահմանային դիրք են թողել Տավուշի մարզի հայկական Բերքաբեր գյուղի տարածքում։ Հասկանալի է, որ այս ժեստն, ըստ էության, խորհրդանշական է, բայց կարևոր է քաղաքական հռետորաբանության տեսանկյունից։ Հայաստանի ներսում Փաշինյանի հակառակորդների համար հիմա ավելի դժվար կլինի քննադատել նրան ազգային շահերը միակողմանի զիջելու համար: Ամեն դեպքում, այժմ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի իրատեսական է դարձել։ Այնուամենայնիվ, խոչընդոտները դեռ մնում են։ Այսպես, իշխող կուսակցության փոխնախագահ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ադրբեջանի պահանջով փոխել Սահմանադրությունը։ Իսկ ի՞նչ են ասում փորձագետները: Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի հեռանկարները մշուշոտ են։
«Ադրբեջանը պահանջում է վերանայել Սահմանադրությունը, բայց դա բավականին դժվար է անել։ Նիկոլ Փաշինյանը գրչի մի հարվածով չի կարող հարցը լուծել, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց այդ գաղափարին ժողովրդական աջակցություն չկա, ուստի առայժմ ամեն ինչ սառեցված է անորոշ ժամանակով»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև հավելել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից, խոսքը վերաբերում է հարցը ժամանակավորապես փակագծերի մեջ առնելուն: «Բաքուն Հայաստանի հետ հարաբերություններում հետևողական է գործում։ Որոշ զիջումների է հասնում, հետո նոր պահանջներ է առաջ քաշում։ Փաշինյանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա զիջել մի քանի սահմանամերձ գյուղեր։ Հիմա կա պահանջների նոր բաժին, որից հետո նոր պահանջներ կհայտնվեն։ Սա մի տեսակ անվերջանալի գործընթաց է, Իլհամ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է Քոչարյանը։
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ մոտ ապագայում կողմերը դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրեն։ «Այսօր հիմնական խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հավակնություններ կան Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է, որ նման իրավիճակում Երևանի հետ դժվար է ինչ-որ պայմանավորվածություններ ամրագրել։ Միաժամանակ մենք տեսնում ենք, որ կողմերն իսկապես հավատարիմ են երկխոսությանը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ, մի տեսակ մտադրությունների հռչակագիր, որը ցույց կտա ապագա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները։ Դա արդեն լուրջ հաջողություն կլինի»,- կարծում է նա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում