ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի զգուշացումից հետո ԿԳՄՍՆ-ն մտքափոխվե՞լ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։

ՀՀ ԿԳՄՍՆ–ից հայտնել են, թե դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն։ Խոսքը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի և երկու այլ պատմաբանների հեղինակած դասագրքի մասին է։

Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։

Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: ՌԴ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, նշել, թե ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։

«Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքի հայտնվելը դպրոցներում, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման արատավոր փորձերի վրա»,- ասված է ուղերձում։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորներին» «Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման հարցում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին»։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,-նշել էին ԱԳՆ-ից։

Ըստ երևույթին, ԿԳՄՍՆ-ն և նրա վերադաս Փաշինյանը շառից-փորձանքից հեռու որոշել են այս հարցում դեռ չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

Գոհար Սուրենյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular