ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ Այդ մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել անընդունելի բռնությունը, որն «օրեցօր իրականացվում է գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում» և «վտանգի տակ դնում խաղաղության ջանքերը»։
Օգոստոսի 15-ի երեկոյան տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում էին գործել Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա, հրկիզել տներ և մեքենաներ, պաղեստինցիների վրա նետել քարեր, շշառումբեր։ Տեղի ունեցած հարձակումների ընթացքում զոհվել է 23-ամյա մի պաղեստինցի։
Բորելն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն կքննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Գազայի բնակիչների մասին նրանց հայտարարությունների համար։