ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։

Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։

Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Այս տարի այն նշվում է օգոստոսի 18-ին: Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

Մարիամ Աստվածածնին նվիրված այս տոնը, որն առավել հայտնի էր Խաղողօրհնեք և Աստվածածին անուներով, Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ նաև անվանման այլ տարբերակներ:

Տաղավարային այս տոնը կենցաղում հայտնի էր նաև հետևյալ անվանումներով. Աստվածածնի Զատիկ, Խաղողի զատիկ (Խաղողը Զադագ) (Մուսալեռ), Աստվարածին (Հարք-Բուլանըխ), Աստաձաձին (Վանք-Մեղրի) և այն:Շատ բնակավայրերում Ս.Աստվածածնի Վերափոխումը հայտնի էր նաև Պտուղի տոն հոմանիշ անվանմամբ։

Քրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալը։

Տոնը հատկապես տարածված էր այգեշատ շրջաններում, ուր խաղողը եկեղեցիներում օրհնելու արարողությունը որոշակի մրցակցային երանգներ էր ձեռք բերել:Այգետերերը՝ ամենաընտիր խաղողը թաշկինակների մեջ կապած, օրհնելու էին տանում նշանավոր վանքերը կամ եկեղեցիները:Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր առաջինը տեղ հասնել, որպեսզի առաջին օրհնությունն իրենց խաղողի և այգիների վրա լինի:Խաղողօրհնեքի արարողությունից հետո սրբազան այդ վայրերում այգետերերը կազմակերպում էին խնջույքներ, որից հետո դհոլ-զուռնայի ուղեկցությամն՝ օրհնված խաղողի ողկույզներով վերադառնում էին տները և շարունակում քեֆ-ուրախությունները:Անցյալում խաղողօրհնեքի ծեսը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը բռնած, այցելում էր կամ տվյալ բնակավայրի երեցփոխի այգիները և հենց այնտեղ էլ կատարում խաղողի օրհնության արարողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular